Աֆղանական Քանդահար նահանգում կոտորած կազմակերպած ամերիկյան զինծառայողն ավելի վաղ ծառայություն է իրականացրել Իրաքում, որտեղ էլ 2010 թվականին գլխի վնասվածք է ստացել:
ԱՄՆ-ի կառավարության աղբյուրը հայտնել է, որ զինծառայողը երեք անգամ գործուղվել է Իրաք ԱՄՆ-ի զինվորական կազմում ծառայություն անցնելու համար, եւ գործուղումներից մեկի ժամանակ տրանսպորտային միջոցը, որում գտնվել է մեղադրյալը, շրջվել է, եւ նա գլխուղեղի վնասվածք ստանալով, որոշ ժամանակ բուժվել է, հայտնում է «Ռոսբալտը»` հղում անելով Reuters-ին:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Աֆղանստանում ծառայություն իրականացնող ամերիկյան զինվորը մարտի 10-ին դուրս է եկել երկրի հարավում գտնվող ռազմակայանի սահմաններից եւ սկսել է կրակել խաղաղ բնակիչներին: Հրաձգության արդյունքում զոհվել է 16 խաղաղ բնակիչ, եւս հինգը վիրավորվել է: Նախագահ Համիդ Քարզայը հայտարարել էր, որ տեղի է ունեցել անմեղ քաղաքացիների կանխամտածված սպանություն, եւ այն չի կարող ներվել:
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման խորը ցավակցություն է հայտնել ողբերգական իրողության հետ կապված, իսկ Քաբուլում ԱՄՆ-ի դեսպանության աշխատակիցները նախազգուշացրել են ամերիկացի քաղաքացիներին վտանգի մասին: Թալիբները երդվել են վրեժ լուծել խաղաղ բնակիչների մահվան համար եւ ոչնչացնել «հիվանդ ամերիկյան վայրենիներին», իսկ աֆղանական խորհրդարանը մեկօրյա գործադուլ է հայտարարել: Աֆղանական խորհրդարանականները չեն հավատում, որ զինվորը միայնակ է գործել:




























