Թերթը գրում է, որ երեկ` խորհրդարանական ընտրությունների թեկնածուների առաջադրման առաջին օրը, մեր քաղաքական կուսակցությունները, այդ թվում` արմատական ընդդիմություն Հայ ազգային կոնգրեսը, չշտապեցին գրանցվել կամ բացահայտել իրենց համամասնական ցուցակները, սակայն, ըստ տեղեկությունների, ՀԱԿ ցուցակն արդեն պատրաստ է: «Ընդ որում, ինչպես հայտարարվել էր ՀԱԿ վերջին հանրահավաքի ժամանակ, այն կազմել է ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը: Մեզ հաջողվեց ճշտել ցուցակի առաջին վեցնյակը: Առաջին երեք տեղերը վաղուց էին հայտնի` Լեւոն Տեր-Պետրոսյան, ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյան, «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյան: Ցուցակի 4-րդ հորիզոնականում, ըստ ամենայնի, լինելու է ՀՀՇ կուսակցության նախագահ Արամ Մանուկյանը, 5-րդում` ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը: Ցուցակի առաջին տիկինը, ինչպես եւ սպասելի էր, ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանն է` 6-րդ տեղում: Ըստ մեր տեղեկությունների` «Հայկական ժամանակ» օրաթերթի խմբագիր Նիկոլ Փաշինյանն ընդգրկված է առաջին ութնյակում: Նրա հարեւանությամբ կլինի Հրանտ Բագրատյանի անունը: Ի դեպ, ամենալուրջ վեճերը ծագել են Գագիկ Ջհանգիրյանի եւ Դավիթ Շահնազարյանի պարագայում, ովքեր կուսակցությունների ղեկավարներ չեն, սակայն Տեր-Պետրոսյանը մտադիր է եղել նրանց առաջին տասնյակում գրել: Թե ինչպես է ավարտվել վեճը, կերեւա մոտ օրերս»,- գրում է «Հրապարակ»-ը:




























