Նշագեղձերի վիրահատությունից հետո 5-ամյա Միլենա Մարտիրոսյանի մահվան կապակցությամբ համակողմանի փորձաքննություն է նշանակվել: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հաղորդեցին Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայությունից:

Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, Հրազդանի 5-ամյա բնակչուհի Միլենա Մարտիրոսյանը վիրահատվել է հունվարի 26-ին եւ հենց հաջորդ օրը դուրս գրվել հիվանդանոցից: Հունվարի 28-ին երեխան իրեն վատ է զգացել եւ անմիջապես տեղափոխվել «Հրազդան» բժշկական կենտրոն, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել աղջնակի կյանքը:

Երեխայի մահվան կապակցությամբ հարուցվել է քրեական գործ Հայաստանի ՔՕ 130-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն (բժշկական պարտականությունները չկատարելը կամ ոչ որակյալ կատարելը):

Կատարվել է փորձաքննություն, որի արդյունքները չեն բավարարել հետաքննությանը: Այս կապակցությամբ նշանակվել է եւս մեկ փորձաքննություն, այս անգամ` համակողմանի: Այս պահի դրությամբ ձերբակալվածներ եւ ազատազրկվածներ չկան: