ԱՄՆ սենատորները Պենտագոնին կոչ են արել հրաժարվել Ռուսաստանից Աֆղանստանի համար Մի-17 ուղղաթիռներ գնելու պայմանագրից` Սիրիային ռուսական սպառազինությունների շարունակական մատակարարման համար: Պայմանագրի արժեքը կազմում է 900 միլիոն դոլար:
Սենատորների կողմից պաշտպանության նախարարությանն ուղղված նամակում լուրջ մտահոգություն է արտահայտված «Ռուսաստանի հետ արտահանման գործարքի կապակցությամբ, որը շարունակում է հարաբերությունները սեփական բնակչության վրա պարբերաբար հարձակումներ գործող Բաշար Ասադի վարչակարգի հետ»: Սենատորների գնահատականով` Սիրիայում անկարգություններն սկսելուց հետո Ռուսաստանն այդ երկրին 1 միլիարդ դոլարի սպառազինություններ է տրամադրել:
«Հարկատուների գումարները աֆղանացի զինծառայողների համար ամերիկյան ռազմական մեքենաներ գնելու վրա ծախսելու փոխարեն ռուսական ուղղաթիռներ ձեռք բերելուն զուգահեռ մեզ հատկապես անհանգստացնում է այն, որ կառավարությունը գործարքի մեջ է մտել մի կազմակերպության հետ, որը երկար տարիներ պատժամիջոցների է ենթարկվել Իրանին օգնելու համար, այժմ էլ զենք է մատակարարում Ասադին»,-նշվում է նամակում:
Ամերիկյան օրենսդիրները նաեւ կասկածում են, որ ռուսական ուղղաթիռները Աֆղանստանի պայմաններում առավելություն ունեն ամերիկյանների նկատմամբ, ինչն էլ սկզբնապես պայմանավորել էր Պենտագոնի ընտրությունը, հաղորդում է dni.ru-ն:




























