Գազայի հատվածի գրոհայինները խախտել են մարտի 13-ի գիշերը Իսրայելի հետ հայտարարված զինադադարը: Համաձայնության գալուց մի քանի ժամ անց նրանք վերսկսել են կրակոցները հրեական պետության տարածքում:
Տագնապի ազդանշաններ են հնչել իսրայելյան Աշկելոնից հարավ ընկած բնակավայրերում եւ Գազային սահմանակից Նեգեւ անապատի շրջաններում: Հնարավոր զոհերի եւ ավերածությունների մասին տեղեկություններ առայժմ չեն ստացվել, հաղորդում է «Վեստին»: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իսրայելը եւ Գազայի հատվածի խմբավորումները պայմանավորվել են զինադադարի մասին:
Ինչպես տեղեկացնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, Իսրայելի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Գեներալ Յոավ Մորդեխայը դրանից հետո հայտարարել է, որ իսրայելական բանակը պատրաստ է Գազայի հատվածում ցամաքային ռազմական գործողություններ սկսելուն:
Մարտի 9-ից սկսած, երբ իսրայելական բանակն սկսեց Գազայի հատվածում հրթիռային կրակոցներին ի պատասխան օդային հարվածներ հասցնել, սպանվեցին 23 պաղեստինցիներ, այդ թվում` երկու հրամանատարներ: Եւս 80 մարդ տուժեցին:
Պաղեստինյան գրոհայինները, իսրայելական աղբյուրների տվյալներով, չորս օրվա ընթացքում ավելի քան 140 հրթիռ են արձակել: Նրանց մի մասը ճեղքել է հակահրթիռային պաշտպանության համակարգը, ինչի արդյունքում ութ իսրայելցիներ վիրավորվել են:




























