Բրյուսելում այրել են շիաների մզկիթը, որի հետեւանքով իմամը զոհվել է, եւս մեկ մարդ վիրավոր է: Իմամի մահը վրա է հասել ծխից թունավորվելու արդյունքում, նա փորձում էր հանգցնել կրակը:

Ոստիկանությունը տեղում ձերբակալել է մեկ կասկածյալի: Բազմաթիվ ականատեսների փոխանցմամբ, հանցագործը մզկիթ է մտել կացինով եւ մեկ տարա բենզինով: Նա կոտրել է ապակիները, բենզին լցրել ու կրակի տվել մզկիթը: Ոստիկանությունը չի հայտնում կասկածյալի ու զոհի անունները:

Միջադեպը տեղի է ունեցել Բրյուսելի Անդերլեխտ կոմունայում, որտեղ կոմպակտ բնակվում են Հյուսիսային եւ Կենտրոնական աֆրիկայից ներգաղթյալները:

Մզկիթը հրդեհելու մեջ կասկածվողը սալաֆիների արմատական խմբավորման անդամ է: Կան նաեւ վկայություններ, որ մզկիթն այրողները առնվազն երեք հոգով են եղել, որոնցից մեկը հակաշիական կարգախոսներ է բղավել, հիշեցնելով, մասնավորապես, Սիրիայում տիրող իրավիճակը, որպեսզի արդարացնի մզկիթի հրդեհումը, հաղորդում է NEWSru.com-ը: