Ամուլսարի ոսկու հանքի շահագործման իրավունքն ստացած «Գեոթիմ» ընկերությունը չի մասնակցում այսօր` մարտի 13-ին Ջերմուկ քաղաքում անցկացվող «Ամուլսարի ոսկու հանքի ազդեցությունը Ջերմուկ առողջարանային քաղաքի վրա» անվանումը կրող քննարկմանը: Այդ մասին նշված է ընկերության հաղորդագրության մեջ:

«Գեոթիմ» ՓԲԸ-ն այսօրվա քննարկմանը չի մասնակցելու, քանի որ չի ստացել պաշտոնական ու պատշաճ ձեւակերպված հրավեր: Բացի այդ, մեր ընկերությունը հայտնվել է մասնակիցների թվում` առանց նախապես տեղեկացվելու այդ մասին»,-նշված է հաղորդագրության մեջ:

Նշենք, որ քննարկումները կազմակերպել է «Ջերմուկի զարգացման կենտրոն» կազմակերպությունը:

Ամուլսարի ոսկու հանքավայրը գտնվում է Ջերմուկից 12 կմ հեռավորության վրա: Մտավախություններ կան, որ հանքավայրի շահագործումը կվտանգի Ջերմուկ առողջարանային քաղաքի ապագան: «Գեոթիմ» ընկերությունը բազմիցս հայտարարել է, որ որեւէ բնապահպանական վտանգ չի առաջանա: