ԱՄՆ Սենատի երկու անդամներ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու նոր բանաձեւ են ներկայացնելու: Ամերիկայի հայկական համագումարի տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ դեմոկրատ սենատոր Ռոբերտ Մենենդեսը (Նյու Ջերսի) եւ հանրապետական սենատոր Մարկ Քիրքը (Իլլինոյս) դիմել են գործընկերներին` խնդրելով դառնալ Հայոց ցեղասպանության փաստը ճանաչող նոր բանաձեւի համահեղինակներ:
Բանաձեւը, որը պաշտոնապես կներկայացվի ԱՄՆ-ի Սենատին այս ամսվա ընթացքում, հիմնականում նման է ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի կողմից ներկայացված բանաձեւին, սակայն դրանում հիշատակված է Արդարադատության միջազգային դատարանին Ցեղասպանություն հանցագործության կանխման եւ պատժի վերաբերյալ կոնվենցիայի 1951 թվականին ԱՄՆ-ի կողմից ներկայացված փաստաթղթի որոշ դրույթներ:
Ամերիկայի հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին բարձր է գնահատել սենատոր Մենենդեսի կողմից Հայոց ցեղասպանության անվիճելի փաստը վերահաստատելու հանձնառությունը:




























