Չեխիայում Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանը, մարտի 12-ին, հանդիպել է Չեխիայի առողջապահության նախարար, պրոֆեսոր Լեոշ Լեգերի հետ:

ԱԳՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ չեխ պաշտոնյան համոզմունք է հայտնել, թե Չեխիայում դեսպանության եւ Հայաստանում Չեխիայի դեսպանության մոտալուտ բացումը կարեւոր խթան կհանդիսանա երկկողմ բարեկամական հարաբերությունների զարգացման գործում:

Հանդիպման ընթացքում քննարկվել է առողջապահության ոլորտում հայ-չեխական համագործակցության զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ, մասնավորապես՝ բժշկագիտության տարբեր բնագավառների մասնագետների համար փորձի փոխանակման ծրագրերի կազմակերպման, առողջապահության կազմակերպման եւ կառավարման, բժշկական ապահովագրության  համակարգի ներդրման ոլորտներում: Հայաստանի դեսպանը կարեւորել է վարակիչ հիվանդությունների վերաբերյալ պարբերական, իսկ արտակարգ իրավիճակների ժամանակ՝ տեղեկատվության օպերատիվ փոխանակումը համագործակցաբար կանխարգելիչ եւ հակահամաճարակային անհապաղ միջոցառումներ կազմակերպելու եւ իրականացնելու նպատակով:

Իր հերթին պրոֆեսոր Լեգերը ներկայացրել է Չեխիայի առողջապահության համակարգի հետ համայնավարական զարգացման դժվարին ուղին` նշելով, որ դրա մակարդակն այժմ մոտեցել է Եվրոպայում լավագույնը համարվող գերմանական, ֆրանսիական եւ շվեյցարական համակարգերին: Առավել զարգացած ուղղություններից են սրտաբանությունը, վնասվածքաբանությունը եւ ուռուցքաբանությունը: Չեխիայում ստեղծվել է առողջապահական ապահովագրության առաջատար համակարգ: Զրուցակիցների համոզմամբ փորձի փոխանակումը փոխադարձ օգտակար եւ շահավետ կլինի կողմերի համար:

Հանդիպման ընթացքում կարծիքներ են փոխանակվել առողջապահության միջազգային կազմակերպությունում հայ-չեխական համագործակցության զարգացման անհրաժեշտության վերաբերյալ: