Դժվար թե դատական հայցերի քանակը թերթերի դեմ աճի նախընտրական շրջանում: Մարտի 13-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք է հայտնել «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը` մեկնաբանելով 2010 թվականի մայիսին ընդունված օրենսդրական փոփոխությունները:

Հիշեցնենք, որ այն ժամանակ զրպարտության համար պատիժը Քրեական օրենսգրքից տեղափոխվեց Քաղաքացիական, որն էլ հնարավորություն ստեղծեց նման մեղադրանքներով դիմել քաղաքացիական հայցերով: Դրանից հետո 2011 թվականին մի շարք օլիգարխներ հայց ներկայացրեցին ընդդիմադիր թերթերի դեմ` իրենց հասցեին կտրուկ արտահայտությունների համար:

Այնուամենայնիվ, նշեց Աբրահամյանը, այդ միտումն արագ կերպով նվազեց, այդ թվում նաեւ այն բանից հետո, երբ եվրոպական կառույցների ներկայացուցիչները Հայաստանի պաշտոնատար անձանց հետ զրույցներում նշել էին, որ լրատվամիջոցների հետ կապված նման իրավիճակը պատիվ չի բերում երկրին:

Ինչպես նշեց փաստաբան Դավիթ Թումանյանը, 2011թ. մեկական հայց էր ներկայացվել «Առավոտ» եւ «Ժամանակ» թերթերի դեմ, «168 ժամի» դեմ` 4 հայց, «Հրապարակի» դեմ` 6: Այնուամենայնիվ, երկարատեւ դատավարության ընթացքում կողմերը հաճախ գնում են փոխզիջման եւ հարցը կարգավորում են առանց դատարանի` հերքում հրապարակելով: Այդ հանգամանքը, նշեց Թումանյանը, հաճախ ձեռնտու է լրագրողներին, որոնք նախքան մեկ հերքում հրապարակելը կարող են մի քանի կտրուկ հրապարակումներ անել հակառակորդի մասին:

Այն դեպքերում, երբ ամեն ինչ որոշվել է դատարանի միջոցով, որոշում է կայացվել կամ հերքում հրապարակելու, կամ մասնակի, բայց ոչ ամբողջությամբ, հայցվորի նյութական պահանջները բավարարելու վերաբերյալ: Բացի այդ, հայցերի մի մասը հարկ եղած կերպով չէր ձեւակերպվել. դրանք դիտարկման չեն դրվել: