Աֆղանստանի կառավարական պատվիրակությունը, որը ժամանել էր Քանդահար նահանգ, մարտի 11-ի գիշերը խաղաղ բնակիչների սպանության մանրամասները հետաքննելու համար, հրաձգության է ենթարկվել «Թալիբան» ծայրահեղական շարժման գրոհայինների կողմից:
Դեպքը տեղի է ունեցել տեղական ժամանակով մոտավորապես 12.00-ին Բոլանդի բնակավայրում, երբ պատվիրակության անդամները զրուցելիս են եղել զոհվածների հարազատների հետ: Թիկնապահները պատասխան կրակ են բացել: «ՌԻԱ Նովոստին», հղում անելով Քանդահարի նահանգապետի մամլո ծառայությանը, հայտնում է, որ պաշտոնյաներից ոչ ոք չի տուժել, վիրավորվել է տեղի բնակիչներից մեկը: Agence France-Presse-ը հայտնում է, որ հրաձգության արդյունքում սպանվել է մեկ զինծառայող եւ վիրավորվել առնվազն մեկ ոստիկան, հարձակվողներին հաջողվել է թաքնվել:
Հաղորդվում է, որ պատվիրակության կազմում են եղել նախագահ Համիդ Քարզայի երկու եղբայրները, աֆղանական բանակի գլխավոր վարչության ղեկավարը, Ազգային անվտանգության վարչության եւ ՆԳՆ-ի խորհրդականները, ցեղախմբերի գործերով նախարարը, ինչպես նաեւ անվտանգության ուժերի կառավարման վարչության ղեկավարը եւ Քանդահար նահանգի նահանգապետը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Աֆղանստանում ծառայող ամերիկացի զինվորը մարտի 10-ին դուրս էր եկել երկրի հարավում գտնվող ռազմակայանի սահմաններից եւ սկսել կրակել տեղի բնակիչներին: Հրաձգության արդյունքում զոհվել էին 16 խաղաղ բնակիչներ, եւս հինգը` վնասվածքներ ստացել: 11 մարմիններ այրվել էին:




























