Որքա՞ն անտառ է մնացել Հայաստանում: Այդ հարցը, զարմանալիորեն, չունի պատասխան: Ըստ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի փոխտնօրեն Ռուբեն Պետրոսյանի` վերջին անգամ պաշտոնական վիճակագրություն հրապարակվել է 1993 թ. ու այդ ժամանակ ունեինք 334 հազ. հա: Դրանից հետո որեւէ վիճակագրական պաշտոնական տվյալ չի հրապարակվել: Տպավորությունն այնպիսին է, որ նույն «Հայանտառը», որին պետական բյուջեից տարեկան 700 մլն դրամ են հատկացնում անտառները պահպանելու համար, ու որը 5 տարին մեկ պետք է նման վիճակագրություն հրապարակի, այնքան էլ շահագրգռված չէ դրանում:

Սակայն վերջերս Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը (GIZ) հեռահար զոնդավորման եղանակով իրականացրել է հետազոտություն, ըստ որի` Հայաստանն ունի 332 հազ. 333 հա անտառ:

Ստացվում է` Հայաստանում վերջին 18 տարում հատվել է ընդամենը 1.7 հազ. հա անտառ, որն իհարկե իրականության հետ կապ չունի: Անտառ է համարվել առնվազն 0.3 հա ծառածածկ տարածքը (ոչ գյուղատնտեսական):

Այլ խնդիր է անտառի որակը: Հեռահար զոնդավորումը դա չի բացահայտում: Անտառհատումների արդյունքում, ըստ Ռ. Պետրոսյանի, տեղի է ունենում անտառի կազմի փոփոխություն` կաղնուն ու հաճարենուն փոխարինում է բոխին: Բնականաբար` առկա է նաեւ անտառի նոսրացում:

Կա պաշտոնական վիճակագրություն, թե որքան ծառ է ապօրինի հատվում: Ըստ այդմ` 2011 թ. ապօրինի հատվել է 3216 հատ ծառ, որից 2488-ը` «Հայանտառի» տարածքներում, 656-ը` բնության հատուկ պահպանվող տարածքներում, 752-ը` համայնքային հողերում: Թե որքանո՞վ է այս վիճակագրությունը հավաստի` ցույց է տալիս հետեւյալ համեմատությունը. յուրաքանչյուր 100 հա-ին բաժին է ընկնում միայն մեկ ապօրինի հատված ծառ: Հայաստանում յուրաքանչյուր հասուն մարդ կարող է հաստատել, որ իրականում ծառահատումներն ավելի լայնամասշտաբ բնույթ են կրում: Սա ցույց է տալիս, որ անտառների պահպանման ու վերահսկողության խնդիրը հեռու է բավարար լինելուց: Սա այն դեպքում, որ ստեղծվել է անտառային մոնիտորինգի կենտրոն, որին պետական բյուջեից 54 մլն դրամ են հատկացնում` իբր ապօրինի հատումները բացահայտելու, բնափայտի տեղափոխումն ու այլ բացասական գործողությունները կանխարգելելու համար: Կենտրոնը գործում է 2005 թվականից, ու արդյունքն այն է, որ արդյունք չկա: Երբ այս կենտրոնի տնօրեն Արթուր Ալավերդյանին հարցրինք` տեղյակ է արդյոք արդյունաբերական նպատակներով կիրառվող անտառհատումների մասին, ասաց, որ դեռ նոր են ուսումնասիրում: Իսկ լրագրողները վաղուց են հայտնաբերել, որ Հայաստանում անտառ են հատում մանրահատակի արտադրության նպատակով:

Մի առիթով «Հայանտառի» տնօրեն Մարտուն Մաթեւոսյանը հայտարարել է, որ կարեւորը ոչ թե անտառհատումներն են, այլ անտառտնկումները: Լիովին համաձայն ենք: Բայց պարզվում է` բյուջեն անտառ տնկելու փող չի տալիս, ու ըստ «Հայանտառի» փոխտնօրենի` անտառտնկումներն իրականացնում են իրենց եկամուտների հաշվին: Արդյունքում` 2011 թ. տնկվել է 28 հա անտառ. 2009-ի 400 հա-ի համեմատ: Նման վիճակագրությունները խորհելու առիթ են տալիս: Իսկ միգուցե տարաբնույթ մոնիտորինգների ու անտառտնտեսությունների փոխարեն խնայված գումարները ուղղենք անտառների տնկմանը` թեկուզ շուկայական պայմաններով ինչ-որ պատվերներ հատկացվեն: Մոտ 800 մլն դրամի մասին է խոսքը, այդ փողով կարելի է ամեն տարի 1000 հա անտառ տնկել:

Մի խոսքով` ժամանակն է անտառին վերադարձնելու խլված բարիքները, այլապես հետո շատ ուշ կլինի:

Սամվել Ավագյան