Անակնկալ այցով Ղրղըզստան է ժամանել Պենտագոնի ղեկավար Լեոն Պանետան: Նա այցելել է Տարանցիկ փոխադրումների ամերիկյան «Մանաս» կենտրոն: Դա որպես ռազմական գերատեսչության ղեկավար նրա առաջին այցն է Կենտրոնական Ասիայի տարածաշրջան: Լեոն Պանետայի այցը ճանաչողական բնույթի է, ԱՄՆ պաշտպանության նախարարի գործուղման վերջնակետը Աֆղանստանն է:
Ղրղըզստանում ԱՄՆ-ի դեսպանատունը հաղորդել է, որ Լեոն Պանետան մտադիր է հանդպել իր ղրղըզ գործընկեր Թահալայբեկ Օմուրալիեւի հետ:
Ղրղըզստանի պաշտպանության նախարարությունում «Ռոսիսկայա գազետա»-ին հայտնել են, որ Թահալայբեկ Օմուրալիեւի հետ կքննարկվեն տարածաշրջանային անվտանգության ապահովման գործում երկկողմ համագործակցության, ինչպես նաեւ միջազգային ահաբեկչության եւ կրոնական ծայրահեղականության դեմ պայքարի հարցեր: Գերատեսչությունում հերքել են Տարանցիկ փոխադրումների կենտրոնի հետագա ճակատագիրը քննարկելու հավանականության մասին տեղեկատվությունը` հայտարարելով, որ դա քաղաքական հարց է, այդ իսկ պատճառով երկու երկրների ռազմական գերատեսչությունների իրավասությունից դուրս է:


























