Ադրբեջանում ընթացող տների քանդման հետեւանքով որոշ բաքվեցիներ օրեր շարունակ ցույցեր են կազմակերպել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի նստավայրի առջեւ: Նրանք ներկայացել են Նորուզի տոնի  համար նախատեսված ներկած ձվերով եւ կանաչիներով: Նրանք մասնավորապես հանդես են գալիս այն շինարարական ընկերությունների դեմ, ովքեր մինչ օրս փոխհատուցում չեն տրամադրում քանդված բնակարանների համար: «Վերադարձրե’ք մեր փողերը», «Նախագահ, ընդունի’ր մեզ» կարգախոսներով մոտ 50 բաքվեցիներ ձեռքերում պահել էին նաեւ փախլավա եւ տոնի համար նախատեսված այլ ուտելիքներ: Որպես կանոն, կրկին խաղաղ ցույցին միջամտել են ոստիկանները, վերցրել քաղաքացիների ձեռքից պաստառները եւ հարկադրել հեռանալ:

Նշենք, որ Նորուզ տոնը, որը խորհրդանշում է տարեմուտը, նշվում է մարտի 21-ին: Իսկ տոնակատարությունների պաշտոնական մեկնարկը տրվել է այսօր` մարտի 13-ին:

Հիշեցնենք, որ վերջին շրջանում Ադրբեջանի մայրաքաղաքի տարբեր հատվածներում տարբեր պաշտոնատար անձանց եւ կազմակերպությունների հովանու ներքո իրականացվում են բնակելի շենքների քանդման աշխատանքներ: Շատ դեպքերում բնակարաններից զրկված ադրբեջանցիները փոխհատուցում չեն ստանում, եւ շատերը հայտնվում են փողոցում: