Եգիպտոսում Իսրայելի դեսպանին չեն արտաքսի այնքան ժամանակ, քանի դեռ եգիպտական բանակի ձեռքում են գտնվում երկիրը ղեկավարելու լծակները: Այս  մասին NEWS.am-ի թղթակցին ասել է Մերձավոր Արեւելքի ինստիտուտի տնօրեն Եվգենի Սատանովսկին: Նրա խոսքով` ներկա իրավիճակը, կապված Իսրայելի եւ Եգիպտոսի միջեւ հարաբերությունների սրմամբ, միանգամայն կանխատեսելի էր, բայց խորհրդարանի որոշումն այս հարցում վերջակետ չէր:

 «Իսլամիստները այդ հարցին մոտեցան միանգամայն բացահայտ, չթաքցնելով, որ պատրաստվում են այդ հարցը քննարկել խորհրդարանում: Սակայն խորհրդարանի որոշումը պետք է հաստատված լինի Եգիպտոսի զինված ուժերի Գերագույն խորհրդի ղեկավար մարշալ Հուսեյն Տանտաուի կողմից, որը դա չի անի, քանի որ եգիպտական բանակը բնավ չի ուզում կռվել Իսրայելի հետ: Քանի դեռ բանակն ինչ-որ բան նշանակում է Եգիպտոսում, նման որոշում չի ընդունվի», - նկատել է Սատանովսկին, ընդ որում նշելով, որ իրադրությունը բավականին խախուտ է: Թել Ավիվի դեսպանի արտաքսումը կնշանակի Իսրայելի հետ հարաբերությունների ուղղակի քայքայում, ինչպես նաեւ ԱՄՆ-ի:

Ըստ փորձագետի` եթե իսլամիստները, մասնավորապես սալաֆիթները եւ «Մահմեդական եղբայրներ» շարժումը միանան եւ սկսեն ճնշում գործադրել բանակի վրա` նրան դուրս մղելով քաղաքական ասպարեզից, ապա դեպքերի զարգացման տխուր ընթացքն անխուսափելի կդառնա: «Եթե նրանք սկսեն հակառակել միմյանց, դա տեղի չի ունենա, իսկ եթե նրանք միավորվեն եւ սկսեն զինվորականների վրա ճնշում գործադրել, ապա տխուր կլինի: Հնարավոր է ոչ միանգամից, հնարավոր է աստիճանաբար, բայց հասունանում է պատերազմը Սիրիական թերակղզում: Դա կդառնա իսլամական հեղափոխության եւ չգիտես որտեղից առաջացած սալաֆիթների հսկայական դերի արդյունքը: Նման քաղաքական շարժում ընդհանրապես չի եղել, իսկ ահա այսօր արդեն կա», - նշել է զրուցակիցը:

Այն նկատառմանը, որ վերջին ժամանակներս Իսրայելն ունի չափից դուրս շատ թշնամիներ, եւ նա կանգուն է մնում միայն շնորհիվ հզոր Վաշինգթոնի աջակցության, Սատանովսկին ասել է. «Դե, ինչ անել, հրեաները վերջին հինգ հազար տարիների ընթացքում սովոր են դրան: Նրանք ստիպված կամ պետք է ոչնչացնեն նրանց, կամ էլ հաղթահարեն իրենց համար ոչ բարենպաստ ժամանակաշրջանը: Իսկ ինչ վերաբերում է ԱՄՆ-ին, ապա ես այդպես չէի ասի: Սպիտակ տան ներկայիս վարչակազմը բավականին զգուշորեն է վերաբերվում Իսրայելին: Սակայն Իսրայելին աջակցում է ոչ թե Սպիտակ տունը, այլ սովորական ամերիկյան քվեարկողը, որն ամեն կիրակի առավոտյան բացում է Աստվածաշունչը եւ տեսնում Իսրայելն այնտեղ ամեն մի էջում:  Այնինչ իսլամիստներն իրենց նավթային ձեռնարկություններով այնտեղ բոլորովին հիշատակված չէ: Եւ քանի դեռ այդ ընտրողն ամեն շաբաթ Աստվածաշնչի էջերում տեսնում է Իսրայելը, քանի դեռ ԱՄՆ-ը շարունակում է մնալ բողոքական մեծամասնության երկիր, Վաշինգթոնը կաջակցի Թել Ավիվին», - եզրափակել է փորձագետը:

Ինչպես հայտնել էր NEWS.am-ը, Եգիպտոսի խորհրդարանի ներքին պալատը պարտադիր պահանջել է արտաքսել Իսրայելի դեսպանին հայրենիք, իսկ Թել Ավիվից հետ կանչել եգիպտական դեսպանին: Համապատասխան որոշում է ընդունվել մարտի  12-ին` ի նշան բողոքի  «Գազայի հատվածի պաղեստինցիների դեմ Իսրայելի կողմից հրահրած ագրեսիայի» դեմ:
Բացի դրանից, պատգամավորները ելույթ են ունեցել եգիպտական բնական գազի` Իսրայել ներմուծման անմիջական դադարեցման օգտին, ինչպես նաեւ կոչով դիմել են բոլոր արաբական երկրներին  «վերադառնալ Իսրայելի գլոբալ շրջափակմանը», այդ թվում նաեւ «հրեական պետության հետ կապ պահպանող միջազգային կազմակերպությունների հետ» համագործակցությունից հրաժարվելուն: