Հայաստանի գյուղատնտեսության նախարարությունը ժամանակին չի հաստատել սերմերի ցուցակները (ներմուծման թույլտըվության համար), ինչի հետեւանքով հայկական 7 ֆերմերային տնտեսություններ նյութական վնասներ են կրում: Այդ մասին այսօր` մարտի 14-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայաստանի Ագրարագյուղացիական միության նախագահ Հրաչ Բերբերյանը:
Նրա տեղեկացմամբ` ֆերմերները Եվրոպայից ներմուծել են խաղողի, լոլիկի, կարտոֆիլի նոր սերմեր, որոնք 3 տարի փորձարկվել են: Սերմերի ավելի լայն կիրառման նպատակով գյուղնախարարությունը պետք է հունվարին հաստատեր ցուցակ, որը հնարավորություն կտար նոր խմբաքանակներ ներմուծել, սակայն դա չի կատարվել: Այնինչ 7 ֆերմերային կազմակերպություններ, այդ թվում` Շիրակի ֆերմերային ասոցիացիան, «Ագրիկո», «Գագարին» կազմակերպությունները, դեռ անցյալ տարի մուծել են 80 հազ. դրամ` գրանցման նպատակով:
Ըստ Հ. Բերբերյանի` կամ գյուղնախարարությունը պետք է վերադարձնի ֆերմերներից վերցրած գումարները, կամ վարչապետը պետք է պատժի գյուղնախարարին, քանի որ սերմերի գրանցման ոլորտում առկա են կոռուպցիոն ռիսկեր:



























