Բրիտանական BBC հեռուստառադիոընկերության կայքը վերջերս կիբերհարձակման է ենթարկվել: Այդ մասին հայտարարել է ձեռնարկության գլխավոր տնօրեն Մարկ Թոմփսոնը, հաղորդում է «Ինտերֆաքսը»:
Նա նաեւ հայտնել է, որ փորձեր են արվել խափանել BBC-ի արբանյակային հեռուստաալիքների աշխատանքը Իրանի տարածքում եւ խոչընդոտել Լոնդոնում ընկերության հեռախոսագծերի բնականոն գործունեությանը:
Թոմփսոնի կարծիքով` գրոհի թիկունքում կարող է Իրանը լինել:
Նախորդ ամիս Մարկ Թոմփսոնն իրանական իշխանություններին մեղադրել էր նրանում, որ վերջիններս ապօրինաբար ձերբակալել են BBC-ի լրագրողներին եւ նրանց ընտանիքներին սպառնացել` փորձելով ստիպել նրանց դադարեցնել հեռուստառադիոընկերության պարսկական ծառայության աշխատանքը:
«Թվում է` նրանք, ովքեր փորձում էին խանգարել BBC-ի պարսկական ծառայության աշխատանքը կամ արգելափակել այն, այժմ նոր միջոցներ են կիրառում», - ասվում է Թոմփսոնի հայտարարության մեջ, որը հրապարակվել է ընկերության կայքում:
2009թ. Իրանի տարածքում արգելափակվել էր BBC-ի պարսկական ծառայության հեռարձակումը: Իսլամական հանրապետության իշխանությունները հեռուստառադիոընկերությանը եւ բրիտանական կառավարությանը մեղադրել էին նախագահական ընտրություններից հետո բողոքի զանգվածային ակցիաներ հրահրելու մեջ:


























