Շվեյցարիայում 22 երեխայի մահվան պատճառ դարձած սոսկալի վթարը կարող էր տեղի ունենալ արագության գերազանցման հետեւանքով: Այս մասին տեղեկացնում է REGIONS.RU-ն` հղում անելով շվեյցարական լրատվամիջոցներին:
Հաղորդվում է նաեւ, որ Բելգիայի կառավարությունը ինքնաթիռներ է հատկացրել վթարի հետեւանքով զոհված բելգիացի երեխաների հարազատներին Շվեյցարիա տեղափոխելու նպատակով: Ակնկալվում է, որ զոհված երեխաների ընտանիքի անդամներն օրվա ընթացքում կհասնեն ողբերգության վայր` հոգեբանների ուղեկցությամբ:
Ողբերգության վայր կժամանի նաեւ Բելգիայի վարչապետ Էլիո դի Ռուպոն:
Հիշեցնենք, շվեյցարական Վալեում զբոսաշրջային ավտոբուսի վթարի արդյունքում 28 մարդ զոհվել է, որոնցից 22-ը` երեխաներ:
Եւս 24 երեխա վնասվածքներ են ստացել: Շվեյցարական լրատվամիջոցները հայտնում են, որ մահացել են նաեւ ավտոբուսի երկու վարորդները: Բոլոր երեխաները Բելգիայից են եղել, նրանք վերադառնում էին շվեյցարական լեռնադահուկային հանգստավայրից:
Արտակարգ պատահարը տեղի է ունեցել А9 արագընթաց ավտոմայրուղում` Սիեր քաղաքի մոտակայքում: Ոստիկանության տվյալներով` ավտոբուսը բախվել է թունելի ձախ պատին, բախման ուժգնությունից այն հայտնվել է հանդիպակաց գոտում եւ հարվածել անվտանգության պատին, հաղորդում է BFM.RU-ն:
Թունելում ամբողջ գիշեր փրկարարական աշխատանքներ են իրականացվել: Վիրավորներին ստիպված են եղել հիվանդանոցներ տարհանել ուղղաթիռներով: Ամենածանր վնասվածքներ ստացած երկու տուժածների հասցրել են Լոզանի համալսարանի հիվանդանոց, Եւս մեկին` Բեռնի համալսարանի:
Ողբերգության վայրում ստեղծվել է հոգեբանական օգնության կենտրոն: Բելգիայի դեսպան Յան Լեյքսը շտապ ժամանել է դեպքի վայր` զոհվածների հարազատներին հանդիպելու:



























