Երեւանի մամուլի ակումբի կողմից 2011թ նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին Հայաստանի 8 հեռարձակող լրատվամիջոցներիշրջանում անցկացված մշտադիտարկումը ցույց է տալիս, որ մեծ տարբերություն նախորդ ընտրությունների համեմատ չի գրանցվել, նույն խնդիրները առկա էին 2006թ-ին: Այս մասին այսօր՝ մարտի 14-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը՝ շեշտելով, որ դեռ նախընտրական քարոզչության ժամանակաշրջանը չմեկնարկած՝ թե’ օրենսդրական, թե’ պրակտիկ կարգավորման բացակայությունը որոշակի խնդիրներ են առաջացնում:
«Թեեւ պաշտոնական քարոզչության ժամանակաշրջանը չորս շաբաթ է, բայց իրականում նախընտրական պայքարն սկսվում է շատ ավելի վաղ եւ կարգավորման անհրաժեշտությունն այն է, որ բոլոր ուժերը հավասար հնարավորություն ստանան օգտվելու եթերից»,- նշեց նա:
Բորիս Նավասարդյանի խոսքով՝ մյուս խնդիրը, որն առկա է հեռարձակող լրատվամիջոցներում, բավականին շատ գնահատական պարունակող նյութերն են, մասնավորապես՝ նյութերի մոտ տասը տոկոսը պարունակում են գնահատական տվյալ կուսակցության հասցեին, ինչն անընդունելի բարձր թիվ չէ, բայց մյուս երկրների համեմատ՝ բարձր է: Ուսումնասիրված ութ հեռարձակող լրատվամիջոցներից ամենաքիչ գնահատական պարունակող նյութերը հնչել են Հանրային ռադիոյի եթերում՝ մոտ 1,3 տոկոս, իսկ հեռուստատեսություններից՝ «Երկիր մեդիայում»: Ամենաշատ գնահատական պարունակող նյութերը եղել են «Շանթում»՝ մոտ 28 տոկոս:
Երեւանի մամուլի ակումբի ղեկավարի խոսքով՝ հեռուստալիքների վրա մեծ ազդեցություն ունեցող կուսակցությունները առավելություններ են ձեռք բերում, այսպես, 6 հեռուստաընկերությունում առավելություն ունի Հայաստանի հանրապետական կուսակցությունը, 1-ական հեռուստատեսություններում՝ ՀՅԴ-ն եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, ինչն անհավասար պայմաններ է ստեղծում մյուս կուսակցությունների հանդեպ:
«Եթե նախորդ ընտրությունների ժամանակ մեծ լուսաբանում է ստացել Ժողովրդական կուսակցությունը, հեռահաղորդակցություն կապուղիների մրցույթից հետո, զրկվելով հեռուստալիքից, այժմ այն մինիմալ ուշադրության է արժանացել»,- նշեց նա:
Նա նաեւ տեղեկացրեց, որ կապվել են Հայաստանում գործող կուսակցությունների հետ եւ պարզել, որ նրանցից 14-ը պատրաստվում են մասնակցել խորհրդարանական ընտրություններին: Այդուհանդերձ, Բորիս Նավասարդյանի խոսքով, հեռուստաընկերությունները կենտրոնացել են 6 կուսակցությունների վրա, ինչն արտացոլում է վերջին քաղաքական զարգացումները, քանի որ հենց նրանք են մեծ ակտիվություն ցուցաբերել: Օրինակ՝ Հանրային հեռուստալիքում այդ վեց կուսակցություններից բացի՝ որեւէ այլ կուսակցության վերաբերյալ հիշատակում չի եղել, Ազգային ժողովրդավարական Դաշինքն ընդհանրապես ոչ մի տեղ չի լուսաբանվել, իսկ «Ազատ դեմոկրատները», նրա կարծիքով, կարող էր ավելի շատ լուսաբանվել:
Մեկ թերություն եւս, որը արձանագրել է մոնիթորինգը, քողարկված գովազդն է, երբ նույն նյութը մի քանի հեռուստալիքներով ընթանում է, ինչն, ի դեպ, արգելված օրենքով:
Նշենք, որ Երեւանի մամուլի ակումբի մշատադիտարկումների նպատակն է հասկանա, թե ինչպիսի իրավիճակ է եթերում, որ կուսակցություններն են ներկայացված եւ այլն, ինչը կօգնի նախապատրաստվել նաեւ ընտրական փուլին: Ի դեպ, այսուհետ, Բորիս Նավասարդյանը տեղեկացրեց, որ 10 օրը մեկ ներկայացնելու են մշտադիտարկման միջանկյալ արդյունքները:




























