Բանգլադեշում փրկարարները ջրից հանել են վթարված լաստանավի 64 զոհերի մարմինները: Զոհերի թիվը կարող է աճել:
Փրկարարները ոչ մի կերպ չեն կարողանում բարձրացնել շրջված լաստանավը եւ քարշակման միջոցով ափ հասցնել: Փրկարարական գործողությունների հրամանատարը «Ալ Ջազիրա»-ին պատմել է, որ գետն այդ հատվածում շատ խորն է, եւ վախենում են, որ մարմինների մեծ մասը կարող է մնալ լաստանավում, հաղորդում է Lenta.ru-ն:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, դեպքը տեղի է ունեցել Մենգա գետում` մայրաքաղաք Դաքայից մոտ 80 կմ հարավ:
Shariatpur 1 լաստանավը խորտակվել է այլ նավի հետ բախվելու հետեւանքով: Լաստանավի վրա կարող էր մինչեւ 300 մարդ գտնվել:
Տեղական լրատվամիջոցների տվյալներով` նրանցից 35-ին կարողացել են կողքով անցնող այլ նավ տեղափոխել, եւս 40 ուղեւորների հաջողվել է լողալով ափ հասնել:



























