Վերջին մի քանի տարիներին բանկային ավանդների անվանական աճը պայմանավորված է միայն աշխատավարձերի փոխանցումներով: Այս մասին այսօր` մարտի 14-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Հայաստանի նախկին վարչապետ, ՀԱԿ-ի անդամ Հրանտ Բագրատյանը: Նրա խոսքով, վկայակոչելով այդ թվերը, իշխանությունների տնտեսական թիմը փորձում է մարդկանց թյուրիմացության մեջ գցել:
«Իշխանությունները հայտարարում են, որ 2008-2011 թվականներին բանկային ավանդների ծավալը 466 մլրդ դրամից հասել է 983 մլրդ դրամ: Միաժամանակ, մոռանում են ավելացնել, որ այդ աճի հիմնական մասը դրանք աշխատավարձերի փոխանցումներն են, երբ քաղաքացիներին ձեւակերպում են որպես ավանդատու: Դեպոզիտների աճը չեն վկայակոչում նաեւ Ռուսաստանում, հասկանալով նման պնդման ողջ անհեթեթությունը: Անցած 10 տարիներին Ռուսաստանում ավանդների ծավալն ավելացել է տասնյակ անգամ, բայց Պուտինը չի հայտարարում, որ ՌԴ քաղաքացիները սկսել են 20 անգամ ավելի լավ ապրել»,-նշեց Բագրատյանը:
Միաժամանակ նա ուշադրություն հրավիրեց ավանդների ու վարկերի միջեւ առկա անհամամասնությանը: «Ավանդատուները, որպես կանոն, ֆիզիկական անձինք են, իսկ վարկառուները` ձեռնարկությունները: Ստացվում է, որ բիզնեսը սնում են սովորական մարդիկ, ովքեր իրենց գումարներն են ներդնում բանկերում` 5-6 տոկոս տոկոսադրույքով, ոչինչ չշահելով»,-ասաց Բագրատյանը:
Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի



























