Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադն, այսօր` մարտի 14-ին, պատասխանել է իր վարած քաղաքականությունից դժգոհ պատգամավորների հարցերին:
Ամբողջ մեջլիսի անունից հարցեր է ուղղել նախագահական վարչակազմի ամենաանհաշտ քննադատներից մեկը` պատգամավոր Ալի Մոթահարին, հաղորդում են իրանական լրատվամիջոցները:
Հարցերը հիմնականում վերաբերել են երկու տարվա ընթացքում կառավարության իրականացրած տնտեսական բարեփոխումներին եւ կադրային քաղաքականությանը: Իսլամական Իրանի ողջ պատմության ընթացքում սա խորհրդարանում նախագահի նման հարցաքննության առաջին դեպքն էր, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Պատգամավորները մի քանի տարի շարունակ փորձում էին հասնել նախագահին խորհրդարան կանչելուն, բայց նախագահություն ուղարկված միջնորդագրերը մի քանի անգամ հետ էին կանչվել:
Նախորդ տարվա ամռանը պատգամավորները անգամ հանդես էին եկել նախագահի իմպիչմենտի ընթացակարգ սկսելու նախաձեռնությամբ: Սակայն այն ժամանակ երկրի ղեկավար եւ հոգեւոր առաջնորդ Ալի Խամենեին կոչ էր արել դադարեցնել պայքարը եւ միավորել իշխանության բոլոր ճյուղերը:
Այս անգամ նախագահը ստիպված է եղել այնուամենայնիվ ներկայանալ խորհրդարան:


























