Թուրք հայտնի պատմաբան, Թաներ Աքչամը Հայոց ցեղասպանության հետ կապված թեմայով  թուրքական Taraf-ին տված հարցազրույցում անդրադարձել է Թուրքիայի կողմից Ցեղասպանության ճանաչումից հետո փոխհատուցման հետ կապված խնդրին։

Թաներ Աքչամը նշել է, թե ժամանակին Աթաթուրքը քուրդ աղաներին գրած նամակում ասել է. «հայերը կգան եւ ձեր ունեցվածքը կխլեն»։  «Հայերի վերադարձի վախը որպես շարժառիթ էր օգտագործվում Թուրքիայի «ազատագրական» պատերազմում։ Սակայն ներկայումս նման խնդիր չկա։ Հիմա դրանով թուրքին չես խաբի։ Հասարակությանը վախեցնելու համար դա ազգայնականներն են օգտագործում։

Փոխհատուցման խնդիրը 2 երկրների կառավարությունների միջեւ քննարկվելիք թեմա է։  Այս խնդրում կանոնը սա է։ Երկու հասարակություններն էլ պետք է ասեն, որ իրենց խիղճը բավարաված է։  Դա կարող է արվել 2 երկրների կառավարությունների կողմից ստեղծված համատեղ հանձնաժողովների միջոցով՝ խնդիրը հասարակությունների առաջ քննարկելով։ Քանի որ փոխհատուցումը բարոյական հարթությունից է եւ միայն փողով չի չափվում։

Փոխհատուցում ասելով՝ պետք է հասկանալ ներողություն խնդրել։ Վեր հանել Անատոլիայում ապրած հայերի հետքերը, տալ քաղաքացիության իրավունք, Հայաստանի սոցիալական օգնություն տրամադրել, Տրապիզոնի նավահանգիստը բացել Հայաստանի համար եւ այլ շատ բաներ կարելի է անել»,-ասել է Թաներ Աքչամը։