Շվեյցարիայում ազգային սուգ է հայտարարվել ավտոբուսի վթարի կապակցությամբ, որը 22 բելգիացի երեխաների կյանք է խլել:
Տեղական լրատվամիջոցները հաղորդում են սարսափելի վթարի մանրամասները. հարվածն այնքան ուժեղ է եղել, որ ավտոբուսի սկզբնամասը կարծես սեղմած լինեին հսկա մամլիչով: Սրահից զոհվածների մնացորդները հանելու համար փրկարարները կտրել են տրանսպորտային միջոցի կորպուսը հատուկ միջոցների օգնությամբ: Փրկարարները չէին կարողանում թաքցնել արցունքները եւ առայժմ շոկային վիճակի մեջ են, շատերին հոգեբանների օգնություն է պահանջվել:
Ողջ գիշեր ճխլված ավտոբուսի մոտ մանկական հագուստի եւ 12-ամյա փոքրիկների պայուսակների լեռ է կուտակվել: Փոքրիկները վերադառնում էին լեռնադահուկային առողջարանից: Այժմ ընթանում է զոհվածների ինքնության ճանաչումը, շատ ծնողներ դեռ չգիտեն` կենդանի՞ են իրենց երեխաները, թե` ոչ:
Հայտնի է, որ ավտոբուսը վարձել էր բելգիական քրիստոնեական կազմակերպությունը եւ սարքավորված էր ժամանակակից անվտանգության միջոցներով: Նշվում է նաեւ, որ երթեւեկությունը թունելում վթարի պահին լարված չի եղել:
Ականատեսները վկայում են, որ վթարից առաջ ավտոբուսը ճոճվել է, ապա բախվել անվտանգության գոտուն: Վթարի պատճառ կարող է լինել արագության գերազանցումը:
Մարտի 13-ի ողբերգությունը ամենախոշորն էր Շվեյցարիայում վերջին 30 տարում:



























