Արեւմուտքը Իրանի «հարցերը լուծելու» միջոցներ չունի: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման միտք է հայտնել ռուսաստանցի հայտնի իրանագետ Կարինե Գեւորգյանը:
«Ես գնալով ավելի եմ համոզվում, որ Իրանը պարզապես խոսելու թեմա է: Ըստ ռազմագետների գնահատման, ԻԻՀ-ին իր սրնգի տակ պարել ստիպելու համար Արեւմուտքը պետք է լայնամասշտաբ պատերազմ սկսի: Հարկավոր է 800 հազար մարդուց բաղկացած զինվորական անձնակազմ: Հարկավոր է ներգրավել ցամաքային զորքերը, ռազմածովային ուժերը, ավիացիան: Այլապես նրանք չեն հաղթահարի, ոչ մի դիպուկ հարվածով Արեւմուտքն իր նպատակներին չի հասնի», - վստահություն է հայտնել փորձագետը:
Ըստ Գեւորգյանի` նույնիսկ հարձակման դեպքում Իրանը ի վիճակի է պատասխանել: «Իրանի ներսում տարվում է խիստ քաղաքական պայքար, սակայն արտաքին ագրեսիայի դեպքում ներքին բոլոր վերնախավային խմբերը կորցնելու բան ունեն: Դրանից բացի, Իրանը լավ սպառազինված պետություն է: դա փտած միջուկ չէ, այլ ամուր, հասունացած կաղին: Այդքան հեշտ այն չեն կծի, եւ դա գիտեն Արեւմուտքում», - եզրակացրել է նա:




























