Ադրբեջանում արգելվել է քրդերենով լույս տեսնող «Դիպլոմատ» թերթի տպագրությունը, ընդ որում նման կարգադրություն է տվել նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական բաժնի պետ Ալի Հասանովը: Այդ մասին հաղորդում է ադրբեջանական «Բիզիմ յոլ» թերթը` վկայակոչելով թերթի գլխավոր խմբագիր, ծագումով քուրդ Թահիր Սուլեյմանի հաղորդած տեղեկությունները:
Հաղորդվում է, որ այդ թերթը Ադրբեջանում որոշակի քարոզչություն է իրականացնում Քրդական բանվորական կուսակցության (PKK) առաջնորդ Աբդուլլահ Օջալանի օգտին: Ենթադրվում է, որ հենց եղբայրական Թուրքիայի պահանջով էլ Ադրբեջանի նախագահականից հրաման է եկել թերթի հրապարակումը արգելելու վերաբերյալ: Մյուս կողմից էլ այդ քայլով ակնհայտորեն խախտվում են ազգային փոքրամասնություն կազմող քրդերի շահերը, որոնց թիվը Ադրբեջանում 2009-ի պաշտոնական տվյալներով հասնում է մոտ վեց հազարի:
Ընդ որում, սա ազգային փոքրամասնությունների հանդեպ կիրառվող խտրական քաղաքականության առաջին դեպքը չէ Ադրբեջանում: Նման քաղաքականության դրսեւորումներից է նաեւ ազգային փոքրամասնությունների լեզվով հրատարակվող թերթերն արգելելն ու դրանց խմբագիների դեմ ուղղված գործողությունների ձեռնարկումը: Այսպես, 2009-ի օգոստոսի 17-ին Ադրբեջանում թալիշերեն լույս տեսնող միակ թերթի` «Թալիշի սադո»-ի («Թալիշի ձայնը») գլխավոր խմբագիր Նովրուզլին Մամեդովը մահացել էր կալանավայրում: 2007-ին նրան ձերբակալել են «թալիշերեն լեզվի եւ թալիշական արժեքների քարոզչությամբ զբաղվելու համար», իսկ ավելի ուշ նրան մեղադրեցին իրանական ծառայությունների հետ համագործակցելու մեջ` դատապարտելով 10 տարվա ազատազրկման: Նա ծանր հիվանդ էր, իսկ հիվանդանոցում նրան ոչ մի բժշկական օգնություն չէին տրամադրել, որի հետեւանքով նա մահացել էր:
Ադրբեջանի իշխանությունների` ազգային փոքրամասնությունների շահերի ոտնահարման մասին բազմիցս արձագանքել են նաեւ լեզգիական կազմակերպությունները: Վերջերս «Ռուսաստանի լեզգիների դաշնային ազգային-մշակութային ինքնավարություն» կազմակերպությունը մեղադրում էր Բաքվի իշխանություններին լեզգիների դեմ ազգային խտրականության քաղաքականություն իրականացնելու մեջ:



























