Բանգլադեշի հարավում մարտի 13-ին խորտակված լաստանավի զոհերի թիվը գերազանցել է 100-ը:
Agence France-Presse-ը հաղորդում է, որ ջրից դուրս է բերվել 105 դիակ, իսկ BBC-ի տվյալներով` 112:
Փրկարարները որոնողական աշխատանքներ են իրականացնում խորտակված լաստանավում, ինչպես նաեւ գետի հոսանքի ուղղությամբ` հույս ունենալով գտնել լաստանավից քշված դիակները:
Անհետ կորածների հարազատները արդեն երկրորդ օրն է զննում են ափում ճանաչման համար դրված դիակները:
Առայժմ հնարավոր չէ պարզել լաստանավի վրա եղած ուղեւորների ճշգրիտ թիվը: Բանգլադեշի շատ բնակիչներ տոմսը գնում են հենց լաստանավի վրա, եւ նրանց ցուցակը հազվադեպ է կազմվում: Վերջին տվյալներով` կարողացել են փրկվել 70 ուղեւորներ, որոնք լողալով ափ են հասել, մի մասին էլ տեղափոխել են կողքով անցնող նավ:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, դեպքը տեղի է ունեցել Մենգա գետում` մայրաքաղաք Դաքայից մոտ 80 կմ հարավ:
Shariatpur 1 լաստանավը խորտակվել է այլ նավի հետ բախվելու հետեւանքով: Լաստանավի վրա կարող էր մինչեւ 300 մարդ գտնվել:



























