Հայաստանի ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն արձագանքել է Թուրքիայի փոխվարչապետ Բեքիր Բոզդաղի հայտարարությանը, թե «Ղարաբաղը թուրքական հող է, եւ այդ տարածքն ապօրինաբար օկուպացված է»:

Նշենք, որ Թուրքիայի փոխվարչապետ Բեքիր Բոզդաղն այսօր` մարտի 14-ին, Բաքվում անդրադարձել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այն հայտարարությանը, համաձայն որի «Ղարաբաղը եղել է, կա եւ մնում է հայկական հող»: Թուրք պաշտոնյան ասել է, որ «Ղարաբաղը թուրքական հող է, եւ այդ տարածքն ապօրինաբար օկուպացված է»: Բոզդաղը նշել է, որ «հայ-թուրքական հարաբերությունները չեն կարգավորվի, սահմանները չեն բացվի այնքան ժամանակ, քանի դեռ հայկական զորքերը դուրս չեն բերվել Ղարաբաղից»:

Ի պատասխան Բոզդաղի հայտարարության` ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ասել է.

«Ի գիտություն համառորեն չհասկացող թուրք փոխվարչապետի` տեղեկացնեմ, որ ոչ միայն Արցախն է հայկական եւ որեւէ պատմական առնչություն չունի թյուրքական ցեղերի հետ, այլեւ այն պետությունը` Թուրքիան, որի քաղաքացին է հանդիսանում թուրք պաշտոնյան: Հիշեցնեմ, որ ներկայիս Թուրքիան ստեղծվել է հունական եւ հայկական պատմական տարածքների հիման վրա`ոչնչացնելով բնիկ հայ եւ հույն բնակչությանը:

Իսկ ինչ վերաբերում է Ղարաբաղի «օկուպացված» լինելուն, ապա այստեղ անելիք ունեն ադրբեջանցիները եւ թուրքերը»:

Շարմազանովի խոսքով` «ադրբեջանցիները պետք է իրենց զորքերը դուրս բերեն օկուպացված Շահումյանից եւ Գետաշենից, իսկ Թուրքիան` Հյուսիսային Կիպրոսից»: