Հեռուստադիտողների հերթական քվեարկությունից հետո «Հայ սուպերսթար» երաժշտական նախագիծը լքել է Էլիզաբեթ Ադիկյանը:
Ինքը` մասնակիցն, իրադարձությունների նման զարգացման պատրաստ չէր, թեեւ արդեն երրորդ անգամ էր հայտնվում վտանգավոր գոտում (այս գոտում հայտնվում են առավել քիչ ձայներ ստացած երեք մասնակիցները):
Կատարումների ավանդական վերլուծության ժամանակ ամենամեծ քննադատության էր արժանացել Ռիմա Ֆարսյանը, ում կատարումը նախորդ գալա-համերգում ամենապակաս համոզիչն էր ճանաչվել ինչպես ժյուրիի, այնպես էլ նախագծի շատ մասնակիցների կողմից:
Անսպասելի էր նաեւ, որ հանդիսատեսն այս անգամ ոչ այդքան ակտիվ էր քվեարկում Արաքսյա Ամիրխանյանի օգտին, թեեւ նրա կատարումն առանձնակի դժգոհություն չէր առաջացրել: Սակայն վերջին եռյակի մեջ մտելը նրան ամենեւին չի վնասի, քանի որ այդպիսի սայթաքուն վիճակում հայտնվելով, մյուս անգամ նա գուցե ավելի պատասխանատվությամբ մոտենա իր կատարմանը, հակառակ դեպքում, երբեմն տպավորություն էր ստեղծվում, որ Արաքսյան լիարժեքորեն չի ներդնում իր ջանքերը:
Իսկ Էլիզաբեթ Ադիկյանի մասին այս անվանակարգը երրորդն ու վերջինն էր: Լեդի Գագայի «Bad Romance» երգն Էլիզաբեթի խոստովանությամբ իրեն չհամապատասխանեց, իսկ Գարիկ Պապոյանն այդ ելույթն անվանեց «անհասկանալի»:
«Արդյոք արդա՞ր էր հանդիսատեսի որոշումը, քո կարծիքով»,- մեկնաբանության համար դիմեցի Էլիզաբեթին: «Ճիշտն ասած, պատրաստ չէի այդպիսի զարգացման: Սակայն երեւի, ամեն ինչ արդար էր»,- պատասխանեց Էլիզաբեթը, հայացքը փախցնելով եւ անգամ թռուցիկ հայացք չնետելով զրուցակցին:
Ինչու՞ ես միշտ մի կողմ նայում:
Ճիշտն ասած, խուսափում եմ մարդկանց աչքերին նայել, դա իմ բնավորության մեջ է:
Չեմ խնդրում աչքերիս նայել, խնդրում եմ մի կողմ չնայես:
Ինձ մոտ ուղղակի տարբեր լուսավորության տակ աչքերի գույնը փոխվում է:
Դու շատ հուզոած ես, քեզանից առաջ մասնակիցներից ոչ մեկն այդքան էմոցիոնալ չէր արձագանքում:
Ուղղակի այդպիսի արդյունք բոլորովին չէի սպասում... իմ ելույթն այդքան վատը չէր:
Կյանքը դրանով չի վերջանում, իհարկե: Էլիզաբեթը էստրադային եւ ջազային քոլեջի ուսանողուհի է, որտեղ շարունակելու է ուսումն ու աշխատանքն իր ձայնի կատարելագործման վրա: Ձայն մշակելը իհարկե ողջունելի է, առավել եւս որ նախնական տվյալները կան, սակայն ձայն ունենալը բավակա՞ն է հանդիսատեսին գրավելու համար: Միգուցե Էլիզաբեթը համոզիչ չէր հենց այն պատճառով, որ դեռ չի սովորել «նայել» հանդիսատեսին:
Սիրել արվեստը քո մեջ, այլ ոչ քեզ` արվեստի մեջ. ցանկացած մեծ արտիստի կրեդոն է: Այս դեպքում, Էլիզաբեթն առայժմ այն չի արդարացնում:




























