«Սիթի Պետրոլ Գրուպ» ընկերությունը հաղորդագրություն էտարածել, որտեղ անդրադարձել է ՏՄՊՊՀ-ի կողմից իրենց 100 մլն դրամով տուգանելու խնդրին:
«Ինչպես արդեն տարածվել է մամուլի միջոցներով` ՏՄՊՊՀ-ի այսօրվա` մարտի 14-ի նիստում որոշում է ընդունվել գերիշխող դիրքի չարաշահման համար տուգանել «Սիթի Պետրոլ Գրուպ» ընկերությանը 100 միլիոն դրամով:
Տեղեկացնում ենք, որ ՏՄՊՊՀ-ի այդ որոշումը մեզ պաշտոնապես դեռ չի ուղարկվել, եւ, հետեւաբար, պատշաճ պարզաբանումներ չենք կարող տալ այդ կապակցությամբ: Ի դեպ, այդ նիստում որոշումը կայացվել է առանց «Սիթի Պետրոլ Գրուպ»-ի ներկայացուցչի մասնակցության:
Նշանակված տուգանքի այն հիմնավորումները, որոնց մենք ծանոթացել ենք ՏՄՊՊՀ-ի կայքէջից` մեզ համար ընդունելի չեն եւ տեղեկացնում ենք, որ ընկերությունն իր իրավունքները պաշտպանելու է օրենքով չարգելված բոլոր միջոցներով»,-ասված է «Սիթի Պետրոլ Գրուպ»-ի տարածած հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր` մարտի 14-ին ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հրապարակել է բենզինի եւ դիզվառելիքի շուկաներում հարուցված վարույթի արդյունքներն ու «Սիթի Պետրոլ Գրուպ»-ին (CPS) տուգանել 100 մլն դրամով: Նշվել է, որ Բենզինի եւ դիզվառելիքի շուկաներում խոշորագույն ընկերությունը` «Սիթի պետրոլ գրուփը» (CPS), չարաշահել է իր գերիշխող դիրքը` գնային քաղաքականությամբ խեղճացնելով փոքր բենզալցակայաններին ու կլանելով դրանց:
Նշենք, որ CPS-ը նշված շուկաներում ունի մոտ 50 տոկոս մասնաբաժին, ու ըստ էության` գին թելադրող է: Շուկայում գերիշխող դիրք ունի նաեւ «Ֆլեշը», նշանակալի մասնակցություն` «Միկա քորպորեյշնը» եւ «Մաքսհուրը»:




























