«Այստեղ շա-ա-ա-տ հրաշալի է. արեւ է ամբողջ օրը»,-այսպիսի SMS են ստացել շվեյցարական հանգստավայրում հանգստացող աշակերտի ծնողները` սարսափելի ավտովթարից ժամեր առաջ:
Հանգստի ողջ ընթացքում աշակերտները հիացական հաղորդագրություններ են գրել ծնողներին իրենց հագնստի մասին:
Ավտոմայրուղու թունելում տեղի ունեցած սարսափելի վթարից հետո այս գրություններն առանց արցունքների հնարավոր չէ կարդալ, գրում է Tages Anzeiger-ը:
«Սիրելի մայրիկ եւ հայրիկ, այստեղ շատ հրաշալի է: Ուտելիքը շատ լավն է եւ ամեն ինչ ստեղծված է, որ դահուկ քշենք»,-իր բլոգում գրել է դպրոցականներից մեկը:
Դրանից մի մի քանի ժամ անց ծնողները տեղեկացան վթարի մասին: 12-ամյա աղջիկը հասցրել է իր բջջային հեռախոսով զանգահարել հորը, գրում է Soir թերթը: «Մթնեց, ես ուժեղ դղրդյուն լսեցի, բոլոր նստարաններն ինչ-որ տեղ անհետացան»,-հասցրել է ասել աղջնակը, ով կենդանի է մնացել, բայց կոտրել է երկու ձեռքերն ու ոտքերը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Շվեյցարիայում վթարի արդյունքում 22 դպրոցական է զոհվել:
Վալե բնակավայրում վթարի է ենթարկվել զբոսաշրջային ավտոբուսը, որը ձմեռային տոնին մասնակցելուց հետո երեխաներին տանում էր տուն: Ընդհանուր առմամբ, զոհվել է 28 մարդ, եւս 24 երեխա վնասվածքներ է ստացել:
Արտակարգ պատահարը տեղի է ունեցել А9 արագընթաց ավտոմայրուղում` Սիեր քաղաքի մոտակայքում: Ոստիկանության տվյալներով` ավտոբուսը բախվել է թունելի ձախ պատին, բախման ուժգնությունից այն հայտնվել է հանդիպակաց գոտում եւ հարվածել անվտանգության պատին, հաղորդում է BFM.RU-ն:
Թունելում ամբողջ գիշեր փրկարարական աշխատանքներ են իրականացվել: Վիրավորներին ստիպված են եղել հիվանդանոցներ տարհանել ուղղաթիռներով: Ամենածանր վնասվածքներ ստացած երկու տուժածների հասցրել են Լոզանի համալսարանի հիվանդանոց, Եւս մեկին` Բեռնի համալսարանի:
Բելգիայի դեսպան Յանա Լեյքսը շտապ մեկնել է Սյեր, որպեսզի այնտեղ հանդիպի զոհվածների հարազատներին:



























