NEWS.am-ին հայտնի դարձավ, որ Սեւանի թերակղզում ` կտրող ծակող գործիքի միջոցով ձախ ձեռքի դաստակի երակների կտրվածքով ինքնասպանության փորձ կատարած Իրանի քաղաքացին իսկապես ինքնասպանության փորձը կատարել է սիրո հողի վրա: Բայց ինքնասպանության փորձին նպաստել են եւս մի քանի հանգամանքներ:

Հիշեցնենք, որ իրանցին եղբոր հետ Հայաստան էր եկել որպես տուրիստ: Ինքնասպանության փորձից 3 օր առաջ նա Երեւանում բնակարան է վարձել, որտեղ բնակվել է եղբոր հետ: Նրան ճանաչողներն ասում են, որ նա հոգեկան շեղումներ ունի:

Իրանի քաղաքացին դժգոհել է, որ Պարսկաստանում քիչ է վաստակել եւ չի կարողացել արժանավայել կյանքով ապրել, բացի այդ, Իրանում իր 23-ամյա աղջիկն էլ էպիլեպսիկ հիվանդ է: Հետեւաբար` նրա ինքնասպանության փորձին նպաստել է ե’ւ աղջկա հիվանդությունը, ե’ւ սոցիալական վիճակը, ե’ւ մերժված սերը:

Ի դեպ, այն հայ աղջիկը, ում սիրահարված է Իրանի քաղաքացին, ամուսնալուծված է, սակայն մեր ունեցած տեղեկություններով, սույն գործով շուտով նա էլ է հրավիրվելու ոստիկանություն` հարցաքննության: Հարկ է  նաեւ նկատել, որ ինքնասպանության փորձ կատարած իրանցին այդ քայլից առաջ իրենց վարձած բնակարանի տնվորուհուն խնդրել է, որ եղբոր նկատմամբ ուշադիր լինի, ամեն առավոտ գնա նրան հանդիպի եւ այլն: Այսինքն` նա կանխամտածված ինքնասպանություն կատարելու նպատակով է գնացել Սեւան: Հավանաբար, նա փորձել է խեղդվել, սակայն տեղացած առատ ձյան հետեւանքով, Սեւանը սառած է եղել, ինչի արդյունքում  դիմել է կտրող ծակող գործիքի օգնությանը:

NEWS.am-ը զրուցեց նաեւ Սեւանի Բժշկական կենտրոնի տնօրեն Արամ Նիկողոսյանի հետ, ով նշեց, որ իրանցու առողջական վիճակը բավարար է եւ նա մարտի 14-ին  կեսօրից արդեն դուրս է գրվել:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Սեւանի բժշկական կենտրոնից մարտի 13-ին, ոստիկանության Սեւանի բաժին հայտնել են, որ Սեւանի թերակղզուց իրենց մոտ է տեղափոխվել  50 ամյա  մի տղամարդ` կտրող ծակող գործիքի միջոցով ձախ ձեռքի դաստակի երակների կտրվածքով:

Ոստիկանության Սեւանի բաժանմունքի պետ Վիգեն Աղեկյանը NEWS.am-ին հայտնել էր, որ պարզվել է, որ նա Իրանի քաղաքացի է:  Իսկ փաստի առթիվ նյութերը  գտնվում են Սեւանի քննչական բաժնում, քննություն է ընթանում: Վերջինս արձագանքելով մեր ունեցած այն տեղեկությանը, որ սպանությունը տեղի է ունեցել սիրո հողի վրա, պատասխանել էր, որ  քննության ավարտից հետո նոր միայն պարզ կդառնա:

 

Պատրաստեց Տաթեւ Մեսրոպյանը