Իրանական խնդիրը դիվանագիտական ճանապարհով կարգավորելու հնարավորությունը գնալով փոքրանում է: Այս մասին, ինչպես հայտնում է «ՌԻԱ նովոստին», այսօր` մարտի 14-ին, հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման` Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնի հետ հանատեղ ասուլիսում:
Նրա խոսքով, ԱՄՆ-ն Իրանի նկատմամբ ամենախիստ պատժամիջոցներն է կիրառել, իսկ ամռանը դրանք էլ ավելի են խստացել:
«Ես պարզ հասկացնել տվեցի Իրանին, որ «վեցնյակի» շրջանակներում բանակցությունները միակ միջոցն են կանխել էլ ավելի ծանր հետեւանքները: Կարո՞ղ եմ ես երաշխավորել, որ Իրանը կգնա իրեն առաջարկվող ճանապարհով: Չեմ կարող»,-հայտարարել է ԱՄՆ նախագահը, հավելելով, որ դիվանագիտական ճանապարհով այդ խնդիրների լուծման պատուհանի անցքը փոքրանում է:
«Ես չեմ ցանկանում զսպել միջուկային զենք ունեցող Իրանին, ես ուզում եմ կանխել նրա մոտ միջուկային զենքի հայտնվելը»,-ընդգծել է Օբաման:


























