Աֆղանստանում, այսօր` մարտի 14-ին, կոալիցիոն զորքերի բազայի թռիչքուղու վրա ականապատված մեքենա է պայթել: Միջադեպը տեղի է ունեցել այն պահին, երբ այնտեղ է ժամանել Պենտագոնի ղեկավար Լեոն Պանետան:

Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն` վկայակոչելով Reuters-ը, աֆղանցին գողացել է մեքենան ու սլացել դեպի աէրոդրոմի թռիչքուղի: Միջադեպի արդյունքում, մեքենայի վարորդը այրվածքներ է ստացել, բայց կենդանի է մնացել:

Պանետան չի վնասվել:

Վարորդը կալանավորվել է եւ հիմա նրան հարցաքննում են:

SkyNews հեռուստաալիքի փոխանցմամբ, տեղի ունեցածն անհաջող ահաբեկչություն է եղել: Ըստ այդմ, մեքենան թռիչքուղի է հասել այն պահին, երբ ԱՄՆ պաշտպանության նախարարի օդանավը վայրէջք էր կատարում կամ ավարտում վայրէջքը: Վարորդը պայթեցրել է մեքենան:

Մանրամասն հետաքննություն է սկսվել` պարզելու համար միջադեպի հանգամանքները, հաղորդում է NEWSru.com-ը: