Մաշտոցի պուրակում տաղավարների տեղադրման հարցը քաղաքական հնչեղություն է ստացել: Այսօր` մարտի 15-ին, կառավարության նիստում նման հայտարարություն արեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Հայտարարությունը հնչեցվեց այն բանից հետո, երբ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը լիազորություն էր խնդրում Հին Երեւանը վերականգնելու համար, որի մաս է կազմելու մաշտոցի պուրակը:
Ըստ Տ. Սարգսյանի` Մաշտոցի պուրակը լինելու է Հին Երեւանի մուտքը, ու այնտեղ տաղավարներ կլինեն առավելագույնը 3 տարով: Վարչապետը հիշեցրեց, որ քաղաքապետը միշտ էլ կատարել է իր խոստումները, ինչպես դա տեղի ունեցավ, երբ ապամոնտաժվեցին Աբովյան փողոցի մշտական տաղավարները: «Մեր ընդդիմադիրների կարծիքը հարգում ենք: Այս լուծումը պետք է վերջակետ դնի այս երկխոսության մեջ: Երեւանցիների համար, բոլորի համար ընդունելի լուծում է, որ նաեւ հաշվի է առնում սեփականատերերի շահերը»,- ասաց Տ. Սարգսյանը` հանդուրժողականության եւ համերաշխության կոչ անելով այս պահին կառավարության շենքի առջեւ բողոքի ակցիա իրականացնող ակտիվիստներին:
Վարչապետը նաեւ վստահեցրեց, որ օրենքի նախագիծ է մշակվում` Երեւանի կենտրոնում կառուցապատման նկատմամբ ավելի խիստ չափանիշներ սահմանելու վերաբերյալ:




























