ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հայկական խմբի համանախագահ Ֆրենք Փալոնը ձգտում է ստանալ իր գործընկերների աջակցությունը, որ 2013 ֆինանսական տարում ավելացվի Հայաստանի օգնությունը, Լեռնային Ղարաբաղի օգնության ծավալը, նպատակային հատկացումների հասնել Ջավախքի համար, եւ ֆինանսավորել Մերձավոր Արեւելքից տեղահանված հայերին: Այդ մասին հաղորդում է Ամերիկայի հայ դատի հանձնախումբը:
Նյու Ջերսիից ընտրված օրենսդիրը նամակ է տարածել ստորագրման համար, որը այնուհետ ուղղվելու է Ներկայացուցիչների պալատի հատկացումների կոմիտեի պետական եւ օտարերկրյա գործառնությունների ենթահանձնաժողովին: Նամակում մասնավորապես խնդրվում է.
-Առվազն 5 մլն դոլար ամերիկյան օգնություն Լեռնային Ղարաբաղին.
-Վրաստանին հատկացվող օգնության առնվազն 10 տոկոս ուղղել Սամցխե-Ջավախքում աշխատատեղերի ավելացմանը.
-Առնվազն 50 մլն դոլար օգնություն Հայաստանին.
-Մերձավոր Արեւելքից հայ տեղահանվածներին օգնելու համար.
-907 հոդվածի սահմանափակումների ուժեղացում Ադրբեջանի նկատմամբ.
-Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հետ շփումների խոչընդոտների վերացում.
-ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների բանակցություններում Լեռնային Ղարաբաղի առաջնորդների մասնակցության կոչ:




























