Շվեյցարիայի մայրաքաղաք Բեռնում, մարտի 14-ին, Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Շվեյցարիայի համադաշնության խորհրդարանում հանդիպում է ունեցել Հայաստան- Շվեյցարիա խորհրդարանական բարեկամության խմբի անդամների հետ:

Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում հանգամանալից քննարկում է տեղի ունեցել երկու երկրների խորհրդարանների միջեւ համագործակցության հետագա ընդլայնման ուղիների վերաբերյալ:

Բարեկամության խորհրդարանական խմբի անդամները Հայաստանի արտգործնախարարին ներկայացրեցին երկկողմ կապերի ամրապնդմանն ուղղված իրենց գործունեությունը եւ տեղեկացրեցին ՀՀ-ում կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո Հայաստան այցելելու իրենց մտադրության մասին:

Նախարար Նալբանդյանը շվեյցարացի խորհրդարանականներին ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները, տարածաշրջանային հիմնախնդիրների կարգավորմանն ուղղված քայլերը:

Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում Շվեյցարիայի միջնորդությանը` Էդվարդ Նալբանդյանը բարձր գնահատեց գործադրված  ջանքերը: Հայաստանի արտգործնախարարի բնորոշմամբ` եթե ձեռք բերված արդյունքները շարունակություն չունեցան, բոլորի համար ակնհայտ է, որ դա եղավ ոչ թե միջնորդական ջանքերի պակասի պատճառով կամ ձեռք բերված պայմանավորվածությունները Հայաստանի  կողմից հարգելու  թերացման պատճառով, այլ որ Թուրքիան չկատարեց իր ստանձնած պարտավորությունները:

Նույն օրը երեկոյան Հայաստանի արտգործնախարարն ուղեւորվեց Երեւան: