Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները, կողոպուտ կատարելու համար, օրերս ձերբակալել էին Արմավիրի մարզի Խաթունարխ գյուղի բնակիչ, 26-ամյա Գեւորգ Մանուկյանին, որը հափշտակել էր մի քաղաքացուհու պարանոցի ոսկյա շղթան:
Մարտի 13-ին ոստիկանության Արաբկիրի բաժին է ներկայացել մեկ այլ քաղաքացուհի եւ հայտնել, որ դիտելով «Հերթապահ մաս» հաղորդաշարի հերթական թողարկումը՝ ճանաչել է Գեւորգ Մանուկյանին, որը 2011 թ. օգոստոսի 30-ին, ժամը 13.00-ի սահմաններում, Երեւանի Ադոնցի փողոցի շենքերից մեկի մոտ հափշտակել էր իր պարանոցի ոսկյա շղթան եւ դիմել փախուստի:
Մարտի 13-ին եւ 14-ին ոստիկանություն են ներկայացել նաեւ Մանուկյանի համանման գործողություններից տուժած եւս երկու կին, որոնք նույնպես իրենց կողոպտողին ճանաչել էին հեռուստահաղորդումից. մեկի ոսկյա շղթան Մանուկյանը հափշտակել էր ս/թ փետրվարին՝ Սվաճյան փողոցում, մյուսինը՝ 2011 թ. հոկտեմբերին՝ Օգանովի փողոցում:
Հանցագործության մասին տուժողները նախկինում ոստիկանություն չէին դիմել:
Գեւորգ Մանուկյանը կալանավորված է:
Կատարվում է նախաքննություն:




























