Հայկական հարցով զբաղվող ֆրանսիական գրասենյակը վճռականորեն դատապարտում է փետրվարի 26-ին Անկարայում եւ Ստամբուլում տեղի ունեցած հակահայկական ցույցերը: Ինչպես հաղորդում է «Nouvelles d`Arménie»-ը, Գրասենյակը Փարիզում Թուրքիայի դեսպանատան միջոցով նամակ է ուղարկել Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուին:

Նամակում, մասնավորապես, ասված է.

«Թուրքական կառավարությունը շարունակում է ցուցադրել իր ծայրահեղական բնավորությունն իր գործողությունների եւ իր առաջնորդների հայտարարությունների միջոցով, եւ այդ իրադարձությունները, որոնք վկայում են  հայ ժողովրդի հանդեպ տածած ձեր խորը ատելության մասին, համապատասխանում են ձեր քաղաքական կուրսին:

Դա եւս մեկ անգամ ցույց է տալիս, որ թեեւ ձեր խոստումներին, ձեր պետությունը ոչ մի մտադրություն չունի կարգավորելու հայ-թուրքական հակասությունները:

Եւ ինչպես կարելի է երկխոսության հույս ունենալ, ինչպիսին էլ որ այն լինի, երբ դուք թույլ եք տվել ձեր տարածքում հակահայկական ատելության նման դրսեւորում: Մենք գիտենք, որ հակահայկական ատելության սադրումը հայերի արդար պահանջների դեմ պայքարելու ձեր մարտավարության մի մասն է:

Մենք վճռականորեն դատապարտում ենք ատելության այդ ակտերը եւ դրա պատասխանատվությունը դնում ենք թուրքական կառավարության եւ դրա առաջնորդների վրա: Ձեր գործողությունները հաջողություն չեն բերի, քանի որ մենք մտադիր ենք մինչեւ վերջ գնալ` պահանջելով ճշմարտություն եւ արդարություն»: