Վախճանվել է աֆղանացին, որը փորձել էր մեքենայով մոտենալ ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Լեոն Պանետայի ինքնաթիռին: Նա մահացել է ստացված այրվածքներից:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Աֆղանստանի կոալիցիոն զորքերի կայանի թռիչքուղու մոտ մարտի 14-ին պայթել էր ականապատ մեքենա. դեպքը տեղի էր ունեցել այն պահին, երբ այնտեղ էր ժամանել Պենտագոնի ղեկավար Լեոն Պանետան:
Աֆղանացին, որի դրդապատճառներն անհայտ են մնում, առեւանգել է մեքենան, որից հետո նրանով դուրս է եկել օդանավակայանի թռիչքուղի: Դեպքի արդյունքում մեքենայի վարորդն ստացել է այրվածքներ, սակայն ողջ է մնացել: Պանետայի կյանքը վտանգի չի ենթարկվել:
Արդյոք հանցագործի գործողություններն ուղղված են եղել ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի դեմ, անհայտ է: Ինչպես նշել է գեներալ-լեյտենանտ Քերթիս Սքափարոթին, աֆղանացին ռազմակայանում թարգմանիչ է աշխատել եւ դժվար թե իմանար Պանետայի այցի մասին:
Սակայն հատուկ ծառայությունների աշխատակիցները հակված են մտածել, որ աֆղանացին փորձել է մահափորձ կատարել Պենտագոնի ղեկավարի դեմ: Չնայած հրապարակման բացակայությանը, ռազմակայանում աշխատող մարդիկ գիտեին նրա գալու մասին, հայտնում է NEWSru.com-ը:


























