Իրանի խորհրդարանում նորից խոսել են Ահմադինեժադի իմպիչմենտի մասին: Իրանցի մի քանի խորհրդարանականներ հայտարարել են այն մասին, որ կպայքարեն Ահմադինեժադին պաշտոնանկ անելու համար:
Խորհրդարանի պատգամավորները զայրացած են երկրում տնտեսական դրության վերաբերյալ հարցերին նախագահի պատասխանելու ոճի վրա: Նրանք վիրավորված են Ահմադինեժադի պահվածքից, որը հարցերին պատասխանելիս հեգնական կատակներ է իրեն թույլ տվել եւ փորձել է ստորացնել պատգամավորներին, հայտնում է Lenta.ru-ն` հղում անելով The Daily Telegraph-ին:
Հիշեցնենք, որ նախագահը հարցաքննության էր կանչվել խորհրդարան, քանի որ նրան մեղավոր էին ճանաչել ազգային տնտեսության քայքայման եւ մի շարք նախարարների անօրինական նշանակման եւ հեռացման մեջ: Ահմադինեժադի հարցաքննությունը կայացել էր մարտի 13-ին:
Հարցաքննության ավարտից հետո Ահմադինեժադը մեղադրել է խորհրդարանականներին այն բանում, որ նրանց հարցերը բավականին սուր չեն եղել, եւ նշել է, որ ինքն իրեն պատասխանների համար ամենաբարձր գնահատականը կնշանակեր:


























