Եթե առաջարկ լինի, ապա «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունը միգուցե քննարկի «Արմավիան» գնելու հարցը: Այդ մասին, այսօր` մարտի 15-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Արմենիա միջազգային օդանավակայաններ»-ի փոխտնօրեն Անդրանիկ Շխյանը: Այն դիտարկմանը, թե «Արմավիայի» սեփականատեր Միխայիլ Բաղդասարովն արդեն լրատվամիջոցներին հայտնել է ավիաընկերությունը վաճառելու մտադրության մասին, Ա. Շխյանը պատասխանեց, որ դա չեն կարող որպես պաշտոնական առաջարկ ընդունել: Հիշեցնենք, որ Մ. Բաղդասարովը բառացիորեն ասել էր հետեւյալը. «Հաճույքով կվաճառեմ, իսկ ո՞վ է ուզում գնել»:
Նշենք սակայն, որ «Արմենիա միջազգային օդանավակայաններ»-ի սեփականատեր Էդուարդո Էռնեկյանը, ով բազմաթիվ երկրներում ունի (կառավարում է) օդանավակայաններ, ոչ մի ավիաընկերություն մինչ այսօր ձեռք չի բերել:
Ի դեպ` վերջերս հարցազրույցներից մեկում Միխայիլ Բաղդասարովը չէր բացառել, որ «Արմավիան» կարող է նույնիսկ հայտարարել իր սնանկության մասին: Դրա հետ կապված «Արմենիա միջազգային օդանավակայանների» իրավաբան Արման Տեր-Տաճատյանը NEWS.am-ին ասաց, որ սնանկացումը պարզապես պարտավորություններից խուսափելու ամենահարմար ճանապարհն է:



























