Կարսի բնակիչները բողոքում են, որ քաղաքային իշխանությունների անտարբերության հետեւանքով Կարսի պատմական բերդի արտաքին պատերը քանդվում են։

Թուրքական Beyazgazete-ի փոխանցմամբ՝ Կարս քաղաքի բնակիչները ահազանգում են, թե  բերդի արտաքին պատերի քանդմանը նպաստում են եղանակային պայմանները, իսկ եթե քաղաքային իշխանությունները շարունակեն անտարբերություն ցուցաբերել Բերդի նկատմամբ, կսկսվեն քանդվել Բերդի հիմնական պատերը։

Բնակիչները շեշտել են նաեւ, որ Կարսի բերդի շրջակայքում գտնվող բազմաթիվ պատմական շինություններ ավերվել են գանձեր որոնողների կողմից։

NEWS.am-ը ավելի վաղ տեղեկացրել էր, որ Կարսի հայկական թաղամասում գտնվող տները եւս  քաղաքապետարանի անուշադրության հետեւանքով քանդվում են։ Կարսի նախկին քաղաքապետի՝ Նաիֆ Ալիբեյօղլուի օրոք սկսած Կարսի պատմական շինությունների պահպանմանն ուղղված ծրագիրը սառեցվել է 2009-ին ընտրված նոր քաղաքապետի կողմից։

Կարսեցիները պատմական թաղամասի ավերման կապակցությամբ մտահոգություն էին հայտնել եւ պահանջել Կարսի իշխանություններից ժամ առաջ կանխել թաղամասի ավերումը։

Միեւնույն ժամանակ, Կարսի իշխանությունների մեղքով, հավաքված աղբի պատճառով համարյա կանգ է առել հայազգի բանաստեղծ Եղիշե  Չարենցի ստեղծագործություններում հիշատակված «Չուգունի»  եւ «Վարդանի» կամուրջների տակով հոսող Կարս գետը։