Եվրամիության շուկան շատ կարեւոր է Հայաստանի համար: Նման կարծիք է հայտնել Հանրապետական պատգամավոր Կարեն Ճշմարիտյանը, մարտի 15-ին լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ: Ազատ առեւտրի խորը եւ համապարփակ պայմանագրի վերաբերյալ Հայաստանի եւ Եվրամիության միջեւ բանակցությունները շարունակվում են, եւ դրանք մեծ կարեւորություն են ներկայացնում, հավելել է նա:
Հիշեցնենք, որ 2009-ի տվյալներով, Հայաստանից արտահանումը Եվրամիություն կազմել է 501,1 միլիոն դոլար, իսկ ներկրումը` 1,03 միլիարդ դոլար: Արտահանման մեծ մասը կազմել է լեռնա-մետալուրգիական արտադրանքը` խտանյութեր (181,5 միլիոն դոլար), սեւ պղինձ (95,9 միլիոն դոլար), երկաթի համաձուլվածք (117 միլիոն դոլար, հիմնականում ֆերոմոլիբդեն), ինչպես նաեւ թանկարժեք քարեր (61,8 միլիոն դոլար, հիմնականում վերամշակված ալմաստներ):
ԵՄ-ի հետ ազատ առեւտրի վերաբերյալ պայմանագիրը հնարավորություն կտա առանց մաքսերի առեւտուր անել Եվրամիության երկրների հետ, մասնավորապես, դա շահավետ կլինի սննդամթերքի արտադրության տեսանկյունից: Եվրոպական մաքսատնով անցնելու համար, հարկ կլինի ավարտին հասցնել որակի վերահսկման համակարգի վերակառուցման գործը, ինչի ուղղությամբ էլ ներկայումս աշխատանքեր են տարվում:
Նշենք, որ ներկա պահին ԵՄ-ն հարկեր չի սահմանում հումքի` պղնձի խտանյութի, կիսաֆաբրիկատների (ֆերոմոլիբդեն), վերամշակված ալմաստի եւ սեւ պղնձի նկատմամբ: Իսկ պղնձից պատրաստված արտադրանքի վրա հարկեր սահմանվում են, մասնավորապես, պղնձի մալուխի համար գանձվում է 5,2 տոկոսանոց հարկ:
Այդ կապակցությամբ հարկ է նշել, որ այդ հարկը «սպառնում էր» Հայաստանին նաեւ խորհրդային շրջանում, երբ Երեւանում գործում էր Անդրկովկասի գլխավոր կաբելային ձեռնարկությունը` «Հայկաբել»-ը` հանրապետության արդյունաբերական համալիրի «նյարդային համակարգը»: ԽՍՀՄ փլուզումից հետո, «վտանգը» վերացել էր, քանի որ չվերանորոգված եւ հին սարքավորումների հետեւանքով արտադրությունը զգալի վնաս կրեց որակի առումով, իսկ այնուհետեւ ընդհանրապես դադարեցվեց դրա արտադրանքը:
Կասկածները վերջնականապես ցրելու նպատակով NEWS.am-ը կապ է հաստատել «Հայկաբել» ԲԲԸ-ի տնօրինության հետ, որտեղ հաստատել են, որ գործարանն արդեն երկար ժամանակ է, ինչ չի աշխատում: Ինչ որ ժամանակահատված կաբելներ գնում էր նաեւ «Հայէլեկտրոմեքենա» ԲԲԸ-ն` նախկին արդյունաբերության տրանսֆորմատորային եւ գեներատորային «սիրտը»: «Հայէլեկտրոմեքենա»-ին, այնուամենայնիվ, հաջողվում է ոչ մեծ ծավալներով աշխատել, այն արտադրում է հանրապետության համար «անցանկալի» տրանսֆորմատորներ եւ գեներատորներ:
Մնում է ենթադրել, իհարկե, իդեալիզմի որոշակի «չափաքանակով», որ ազատ առեւտրի վերաբերյալ պայմանագիրը մասնակիորեն կվերականգնի հայկական ծանր արդյունաբերությունը, թեկուզ եւ ոչ ԵՄ-ի համար:
Արամ Գարեգինյան
Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի


























