Սիրիայում հուզումների մեկ տարին լրանալու օրը երկրում գործող իշխանություններին աջակցող լայնածավալ ցույցեր են տեղի ունեցել:

BBC-ի  տվյալներով, Դամասկոսում եւ այլ քաղաքներում տասնյակ հազարավոր մարդիկ են հավաքվել: Նրանք թափահարել են ազգային դրոշները եւ նախագահ Բաշար Ասադի դիմանկարները:

Սիրիական պետական «ՍԱՆԱ» գործակալության հաղորդմամբ, Սիրիայի միլիոնավոր քաղաքացիներ դուրս են եկել երկրի քաղաքների հրապարակներ` Հայրենիքի աջակցության բողոքի ցույցին մասնակցելու:

«Սիրիայում տեղի ունեցող ակցիաները միջազգային հանրությանն ուղերձ է այն մասին, որ սիրիական ժողովուրդը դեմ է դրսից թելադրելուն եւ օտարերկրյա միջամտությանը, աջակցում է նախագահ Բաշար Ալ Ասադի ղեկավարությամբ տարվող բարեփոխումներին եւ ձգտում է երկրի կայունացմանը եւ անվտանգության վերականգնմանը», -ասվում է գործակալության հաղորդագրությունում:

«Ռոսբալտի» տեղեկացմամբ, սիրիական հեղափոխության միամյակի օրը սիրիացի ժողովրդի հետ համերաշխության ակցիաներ են տեղի ունեցել ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում, Ավստրալիայում, Նոր Զելանդիայում եւ աշխարհի շատ այլ երկրներում: Հազարավոր մարդիկ հավաքվել են` Սիրիայի հեղափոխության զոհերի հիշատակը հարգելու:

Միեւնույն ժամանակ, ինչպես գրում է «Իզվեստիան», իշխանության կողմնակիցները հայտարարում են, որ մարտի 16-ը ոչ թե հեղափոխության, այլ Սիրիայի իշխող վարչակարգի դեմ դավադրության տարելիցն է: