Տիրենյան ծովում խորտակված «Կոստա Կոնկորդիա» նավից արդեն սկսել են տանել այն ամենը, ինչ հնարավոր է: Նավի վրայից անհետացել է ոսկեջրած զանգը, եւ անհայտ է մնում, թե ինչպես է այդ ոչ փոքր առարկան «լողացել» նավի մոտ մշտապես աշխատող սուզակների մոտից: Կարելի է ենթադրել, որ հենց նրանք էլ տարել են:

Ակնհայտ է, որ նավի ոսկեջրած եւ Costa Concordia գրառումով զանգի արտառոց գողությունը հանգամանալից ծրագրված էր: Եւ դրան պետք է մասնակից լիներ մի ամբողջ ավազակախումբ, քանի որ մի քանի տասնյակ կգ կշռող զանգը պետք էր բարձրացնել 8 մետրանոց խորությունից: Ապա եւ հասցնել ափ, իսկ դրա համար նավ էր անհրաժեշտ, իսկ այլ լողացող միջոց տարածքում չեն նկատել:

Արդյունքում կասկածն ընկնում է փրկարարների, սուզակների, նաեւ լրագրողների վրա, որոնք աշխատել են ողբերգության գոտում:

Զանգի պատկերը վերջին երկու ամիսներին բազմաթիվ անգամներ հայտնվել է լուսանկարներում եւ տեսագրություններում, գրում է «Վզգլյադը»: Գրոսսետո քաղաքի դատախազությունը զանգի գողության փաստը կցել է ընդհանուր քրեական գործին: