Սփյուռքի նախարարությունը պատրաստ է լսել հայկական սփյուռքի վիրտուալ թանգարանի վերաբերյալ բոլոր դիտողությունները, քննարկել առաջարկությունները եւ անհրաժեշտ շտկումներ կատարել: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց Սփյուռքի նախարարի մամուլի քարտուղար Թեւոս Ներսիսյանը` մեկնաբանելով «Asbarez» օրաթերում Արա Խաչատրյանի հրապարակումը:

Ներսիսյանի խոսքով` տվյալ հրապարակումից հետո նախարարությունը կվերանայի նյութերը, ուղղումներ կանի, եթե նման անհրաժեշտություն լինի: «Միաժամանակ ցանկանում եմ նշել, որ մենք վիրավորվելու իրավունք չունենք, ընդհակառակը, երախտապարտ ենք կարծիքի համար: Մենք պատրաստ ենք քննարկել մեզ ներկայացված ուղղումները, մեր նախարարությունն աշխատում է թափանցիկ, եւ մենք բաց ենք համագործակցության համար»:

Ինչպես տեղեկացրել էր NEWS.am-ը, Asbarez-ում հրապարակված հողվածում Արա Խաչատրյանը նշել էր, որ Սփյուռքի նախարարության ներկայացրած հայկական սփյուռքի վիրտուալ թանգարանն այնքան շատ փաստացի սխալներ, անհամապատասխանություններ եւ անճշտություններ է պարունակում, որ եթե դրա  նպատակը սփյուռքի  հեղինակությունը բարձրացնելն էր, ապա ճիշտ հակառակն է ստացվել:

Վիրտուալ թանգարանն  ընդգծում է երկու շատ արդիական խնդիրներ.

1. սփյուռքի` որպես քաղաքական միավորի տարբերակման անկարողությունը, որը ձեւավորվել է արտաքսման հետեւանքով  օտար ափեր հարկադիր գաղթի, զանգվածային սպանությունների եւ Ցեղասպանության հետեւանքով, ինչպես նաեւ համայնքներով, որոնք  ի հայտ են եկել առանձին անձանց` սեփական կամքով  հայրենիքը  լքելու եւ այլ վայրում հաստատվելու արդյունքում:

2. սփյուռքի`որպես միավորի  ոչ համակողմանի ըմբռնումը, որը  պահպանում է  հայ ժողովրդի ազգային գաղափարները եւ ձգտումները, որոշ դեպքերում` դարերի ընթացքում: