Գուբայում մարտի 1-ի դեպքերից հետո սկսված ձերբակալությունները շարունակվում են: Մարտի 14-ին ձերբակալվել է եւս 3 անձ: Այդ մասին հաղորդում է «Ազադլըգ» («Ազատություն») ռադիոկայանը` վկայակոչելով Գուբայի իր թղթակցի հաղորդած տեղեկությունները: Ձերբակալված երեք անձանցից մեկը Գուբայի «Խելայ» հեռուստաընկերության գործադիր տնօրեն Վուղար Գոնագովն է, մյուսը` գլխավոր խմբագիր Զաուր Գուլիեւը: Հեռուստաընկերությունը ոչ հաստատել, ոչ էլ ժխտել է այդ տեղեկությունը: Տեղեկության մեջ նշվում է, որ նույն օրը ձերբակալվել է նաեւ Գուբայում գործունեության ծավալած Քաղաքացիական հասարակության զարգացմանը օժանդակող միության նախագահ Ջեմիլ Մեմեդլին:

Նշենք, որ պաշտոնական տեղեկության համաձայն, Գուբայի դեպքերի առթիվ ձերբակալվել է 5 մարդ: Նրանցից 3-ը ձերբակալվել են հենց դեպքերի օրը` մարտի 1-ին, մյուսը 2-ն էլ` մարտի 7-ին:

Նրանց մեղադրանք է ներկայացվում հասարակական կարգի խախտման գործողությունների կազմակերպման կամ էլ դրանց մասնակցելու,  ինչպես նաեւ միտումնավոր կերպով ուրիշի գույքը վերացնելու կամ վնաս հասցնելու հոդվածներով:

Որոշ փորձագետներ չեն բացառում, որ Գուբայի «Խելայ» հեռուստաընկերությունը կարող էր փորձ կատարել իրադարձությունները իշխանություններին ոչ շահավետ ձեւով ներկայացնելու ուղղությամբ: Ինչն էլ իր հերթին հանգեցրել է հեռուստաընկերության գործադիր ղեկավարի եւ խմբագրի ձերբակալությանը: 

Նշենք, նաեւ, որ մարտի 15-ին Գուբայի գործադիր իշխանության նոր ղեկավար է նշանակվել Մուբարիզ Աղաեւը:

Հիշեցնենք, որ մարտի 1-ին Ադրբեջանի հյուսիսային շրջաններից մեկում` Գուբայում աննախադեպ իրադարձություններ են տեղի ունեցել: Տեղի բնակչությունը Շրջանի գործադիր իշխանության ղեկավարի անզգույշ արտահայտությունների հետեւանքով ոտքի է կանգնել եւ պահանջել նրա հրաժարականը: Գուբա են մտցվել ոստիկանական ջոկատներ եւ ՆԳՆ ուժեր, որոնք արցունքաբեր գազ են կիրառել ցուցարարներին ցրելու համար: Բախումներ են տեղի ունեցել ներքին զորքերի աշխատակիցների եւ ցուցարարների միջեւ: Ավելի ուշ գործադիր իշխանության ղեկավարը հրաժարական է տվել եւ հեռացվել պաշտոնից: