Շվեյցարիայում ավտովթարից փրկված 24 երեխաներից 8-ը վերադարձել են Բելգիա: Երեխաներին եւ նրանց հարազատներին տեղափոխած ինքնաթիռը վայրէջք է կատարել Բրյուսելից ոչ հեռու գտնվող ռազմական օդանավակայանում, որից հետո նրանք ոստիկանության ուղեկցությամբ գնացել են տուն:
Ըստ շվեյցարական ոստիկանության տեղեկության` տվյալ պահի դրությամբ զոհվածների հարազատները 28 զոհվածների մարմիններից ճանաչել են միայն 19-ը: Սպասվում է, որ նրանք հայրենիք կվերադառնան այսօր ավելի ուշ: Մարտի 16-ը Բելգիայում հայտարարվել է ազգային սգի օր: Հիշեցնենք, որ 28 զոհվածներից 22-ը երեխաներ են, երեք երեխաների մարմիններ մնում են անհայտ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»` հղում անելով արեւմտյան լրատվամիջոցներին:
Վթարը տեղի է ունեցել շվեյցարական Վալեի Սիեր քաղաքի շրջանում` երեքշաբթի երեկոյան: Ավտոբուսը, որում գտնվել են 52 մարդ, կորցրել է կառավարումը եւ բախվել թունելի պատին: Պատահարի զոհ են դարձել 28 մարդ, որոնցից 22-ը` երեխա: Եւս 24 դպրոցականներ ստացել են ծանրության տարբեր աստիճանի վնասվածքներ:


























