Աֆղանստանի խորհրդարանական հանձնաժողովը, որը մի քանի օր աշխատել է այն շրջանում որտեղ սպանվել էինխաղաղ 16 բնակիչներ, եկել է այն եզրակացությանը, որ հրաձգությանը մասնակցել են մինչեւ 20 ամերիկյան զինծառայողներ, այլ ոչ թե մեկը, ինչպես հայտնել էր ամերիկյան հրամանատարությունը:
Հանձնաժողովի անդամները Փանջավիի շրջանում երկու օր են անցկացրել` հարցաքննելով կոտորածից ողջ մնացած տուժածների ընտանիքներին, ինչպես նաեւ տեղի հեղինակություններին եւ տոհմերի ավագներին` դեպքի մասին ցուցմունքներ հավաքելով, հայտնում է «Պաժվակ» գործակալությունը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնվում էր, որ ISAF-ի զորակազմից ամերիկյան զինծառայողը մարտի 11-ին Քանդահար նահանգում կրակել էր խաղաղ 16 բնակիչների:
Հանձնաժողովի անդամներից մեկը նշել է, որ գյուղերը, որտեղ տեղի են ունեցել սպանությունները, կես կմ հեռու են գտնվում ամերիկյան ռազմակայանից: Մեկ զինվորը չէր կարող սպանել եւ վիրավորել այդքան շատ մարդկանց երկու բնակավայրերում ընդամենը մեկ ժամվա ընթացքում:
Հանձնաժողովն աֆղանական կառավարությանը, ՄԱԿ-ին եւ միջազգային հանրությանը կոչ է արել պայմաններ ապահովել մարդասպանների նկատմամբ դատն Աֆղանստանում իրականացնելու համար, եւ դժգոհություն է հայտնել, որ մարդասպաններից մեկը` ամերիկյան բանակի սերժանտը, արդեն Աֆղանստանից տարվել է Քուվեյթի ամերիկյան ռազմակայան:
Խորհրդարանականները նաեւ սպառնացել են, որ եթե միջազգային հանրությունն իր դերը չխաղա հանցագործների պատժելու գործում, Ուոլեսի ջիրգան ( խորհրդարանի ստորին պալատը) արտասահմանյան զորքերը երկրում շրջափակված կհայտարարի:
Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայը մարտի 15-ին Պենտագոնի ղեկավարի հետ բանակցությունների ընթացքում պահանջել է, որ ՆԱՏՕ-ի զորքերը հեռանան Աֆղանստանի բոլոր բնակավայրերից` կենտրոնանալով իրենց ռազմակայաններում, եւ որ նրանք լքեն իսլամական հանրապետության տարածքը մինչեւ 2013 թվականի վերջը, այլ ոչ թե 2014-ին, ինչպես որ նախապես ծրագրվել էր:


























